Արարատի մարզ, պետ. ցուցիչ` 3.15.3.
Միջնադարյան գյուղատեղի «Ջերմանիս»-ի ավերակները սփռված են Վեդի գետի մի քանի վտակների միախառնման տեղում` գոգավոր հարթության վրա` մարզկենտրոնից 35 կմ հյուսիս-արևելք: Գյուղատեղիում պահպանված հուշարձանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն գոյություն է ունեցել X-XVII դարերում, բայց բնակավայրն իր ծաղկուն շրջանին է հասել XII-XIV դարերում: Գյուղատեղիի մասին մատենագրական տվյալներ չեն պահպանվել, միայն հայտնի է, որ այն եղել է Ուրծ գավառի հին բնակավայրերից մեկը և նախկինում անվանվել է Քյոլանլու: Գյուղատեղիի կենտրոնում, ցածր թմբի վրա է գտնվել XII-XIIIդդ. կառուցված եկեղեցին, որը հավանաբար վերակառուցվել է XIX դարում, սակայն, այժմ հիմնովին ավերված վիճակում է: Եկեղեցու ներսում պահպանվել և մեզ է հասել փոքր-ինչ կոտրված խաչքար (XIII դ.) և տապանաքար (XV-XVIդդ.): Եկեղեցու շուրջը փռված է գերեզմանոց, որտեղ պահպանվել են XII-XIII դարերով թվագրվող խաչքարեր: Մարդաշատ ու ծաղկուն բնակավայրի մասին են վկայում հնավայրի տարածքում պահպանված տնատեղերի հետքերը և ջրաղացը: Գյուղատեղիի հարավային մասում` ճանապարհի եզրին պահպանվել են ժայռափոր խաչքարեր, որոնք արձանագիր են և վերաբերում են XII-XIII դարերին:
Օգտագործված գրականություն
1. Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010