Ս.թ. ապրիլի 19-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները, տարեկան աշխատանքային պլանի համաձայն, այցելել են Արագածոտնի մարզ՝ պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
Ընդհանուր առմամբ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ է գտնվում շուրջ 400 այդօրինակ հուշարձան, դրանիցից 50-ը՝ Արագածոտնի մարզում:
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության գործընկերների հետ համատեղ՝ Օպերատիվ արձագանքման բաժնի աշխատակիցները եղել են Աշտարակ քաղաքում, Օհանավան, Կարբի, Փարպի, Արտաշավան համայնքներում, ուսումնասիրել առավել վտանգված 9 հուշարձան, արձանագրել փաստացի վիճակը, ճշտել բացասական ազդեցություն ունեցող գործոնները: Վերոնշյալ հուշարձանները լուսանկարվել են:
Մշտադիտարկումը շարունակական բնույթ է կրելու, ՊՈԱԿ-ի համապատասխան բաժնի աշխատակիցները կայցելեն նաև մյուս մարզերի նմանատիպ հուշարձանների տարածքներ:
Մշտադիտարկման վերաբերյալ սահմանված ձևաչափով պարբերաբար տեղեկույթ կներկայացվի լիազոր մարմնին: