ԱՆՏԻԿ ՇՐՋԱՆԻ ԴՎԻՆԸ

ԱՆՏԻԿ ՇՐՋԱՆԻ ԴՎԻՆԸ

Քաղաքատեղի Դվին, պետ. ցուցիչ՝ 3.53.1:

Դվինը հայտնի է որպես Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի նշանավոր կենտրոն: Պատահական չէ, որ հետագա դարերում Դվինը մշտապես իր վրա է կենտրոնացրել ուսումնասիրողների սևեռուն հայացքը: Քաղաքի պատմության ուսումնասիրությունը միանգամայն նոր փուլ թևակոխեց խորհրդային իշխանության տարիներին: Պարբերաբար կազմակերպվող արշավախմբերը նոր էջ բացեցին քաղաքի պատմության տարեգրության մեջ: Մասնավորապես, 1950 թվականին կազմակերպված պեղումների ընթացքում անսպասելիորեն քաղաքի կենտրոնական թաղամասում՝ միջնադարյան շերտի տակ բացվել են հեթանոսական շրջանի կարասային թաղումներ: Այս գտածոները նպաստեցին, որպեսզի 1960-70-ական թվականներին սկսվեր մ.թ.ա. I հազարամյակի սկզբի և անտիկ դարաշրջանի հնագիտական շերտերի կանոնավոր ուսումնասիրությունների շրջափուլը: Բազմամյա պեղումները և դրանց հիմքի վրա հետագա ուսումնասիրությունները վկայեցին, որ Դվինը՝ որպես բնակավայր, գոյություն է ունեցել մ.թ.ա. III հազարամյակից: Անտիկ Դվինը գտնվում է միջնադարյան Դվինի ավերակների տակ: Մ.թ.ա. X-VIII դարերում այն հայտնի է եղել ինչպես արհեստագործության, այնպես էլ որպես հոգևոր կյանքի կենտրոն (ամրոց-սրբավայր), իսկ միջնադարյան Դվինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում: Պեղումների ընթացքում բացվել են հնագույն սրբավայրերի ու ատրուշանների հետքեր: Դվինի միջնաբերդում և կենտրոնական թաղամասում հայտնաբերվել են նաև հելլենիստական ժամանակաշրջանի կարասային թաղումներ, անտիկ խեցեղեն, քարե բազմանիստ կնիքներ, ինչպես նաև Տիգրան 2-րդ, հռոմեական Օկտավիանոս Օգոստոս և Դոմիտիանոս կայսրերի դրամներ, գտնվել են պաշտամունքային բնույթի կավե անոթներ, որոնք կրել են կենդանիներ, որսի տեսարաններ պատկերող վերադիր զարդեր: Մ.թ.ա. VIII դարում բնակավայրը հարձակման է ենթարկվել ուրարտական ցեղերի կողմից, որոնք աստիճանաբար հիմնավորվել են Արարատյան դաշտում: Ուրարտական և ետուրարտական շրջանում բնակավայրը՝ հատկապես կենտրոնական թաղը, աչքի է ընկել իր խիտ բնակչությամբ, իսկ կենտրոնական թաղից արևմուտք ընկած հատվածում հայտնաբերվել են ուրարտական խեցանոթներ և զենքեր: Հուշարձանի ստորին շերտերում նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքեր: IV-Vդդ. Դվինի գրեթե բոլոր շենքերի հիմնապատերի մեջ առկա են հին սվաղի, ներկի, որմնանկարի հետքերով սրբատաշ սալեր: Բուսաբանական, կենդանաբանական և հնագիտական գտածոների ուսումնասիրությունն ու վերլուծությունը բացահայտում է բնակավայրի տնտեսական գործունեության հիմնական բնագավառները` խեցեգործություն, քարագործություն, մետաղագործություն, փայտամշակություն, գինեգործություն, ձիթագործություն, անասնապահություն, թռչնապահություն:

Օգտագործված գրականություն
1. Ղաֆադարյան Կ.,Դվին քաղաքը և նրա պեղումները /2-րդ հատոր/, Երևան,1982
2. Քալանթարյան Ա., Դվին, Երևան, 1988: