ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, պետ. ցուցիչ` 6.5.15

Կեչառիսի վանական համալիրը (սկզբնաղբյուրներում` Դարաչիչակի վանք, Էջառիս, Կեչառույք և այլն) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով` ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):

Վանական ամալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

Վանքի գլխավոր` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1003 թ. (չնայած որոշ հետազոտողներ, հենվելով հարավային պատի արձանագրության վրա, կարծում են, որ այն կառուցվել է 1033թ-ին): Վերջինս ունի երկու մուտք` արևմտյան և հարավային: Հարավային շքամուտքը աչքի է ընկնում իր առանձնակի ճոխությամբ: Եկեղեցին ամբողջովին կառուցված է սև, սրբատաշ քարից, ներսից անսյուն է: Չորս որմնասյուներ կրում են իրենց վրա կիսաբոլոր երեքական, միմյանց կից կամարներ, որոնց վրա միաժամանակ բարձրացել է գմբեթը:

Ամենայն հավանականությամբ, գլխավոր եկեղեցուց հարավ ընկած Ս.Նշան փոքրիկ եկեղեցին նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը` հավանաբար 1051թ.-ին: Հետագայում Ս. Գրիգոր և Ս. Նշան եկեղեցիների միջև ընկած միջակա տարածության վրա կառուցվել են փոքրիկ մատուռներ: XII դ. երկրորդ կեսին Ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան մուտքի առջև կառուցվում է գավիթ, իսկ 1203-1214 թթ.-ին Վեցիկ ճարտարապետը՝ իշխան Վասակ Խաղբակյանի աջակցությամբ, կառուցում է Կաթողիկե եկեղեցին (Ս.Աստվածածին): Այն ևս կառուցված է սև սրբատաշ քարերով: Եկեղեցին ներքուստ անսյուն է, չորս կրկնահարկ խորաններով: Չորս որմնասյուները իրենց վրա կրում են պայտաձև կամարներ, որոնց վրա բոլորում է գմբեթը կրող մանեկաձև մի շրջանակ:

Այս երեք եկեղեցիներից 120 մ հեռավորության վրա է գտնվում Ս. Հարություն եզակի հատակագծային հորինվածքով եկեղեցին (1220թ.), որի արևմտյան կողմում կառուցված գավիթը եկեղեցու հորինվածքի հետ կազմում է մի ամբողջություն:

Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները: Կեչառիսում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099), Մեծ իշխան Պռոշը (1284) և այլք:

Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է: XVIII դ. Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Վանական համալիրն ամբողջությամբ վերականգնվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով (1998-2001թթ.): Այն Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստն է:

Օգտագործված գրականություն
1.Հարությունյան Վ., Հայ ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
2. Հասրաթյան Մ., Կեչառիսի վանք, Քրիստոնեա Հայաստան, Երևան, 2002:
3.Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմության մէջ, հ. 2, Անթիլիաս-Լիբանան, 1969:
4. Халпахчьян, О. X., Архитектурные ансамбли Армении, М., 1980.