ՍՏԱՄԲՈՒԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԸ. ՊԱԼՅԱՆՆԵՐ

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԸ. ՊԱԼՅԱՆՆԵՐ

2018-03-29T16:01:16+00:00 18/05/2016|Երեվան, Լրահոս|

«Թանգարանի աշխատակիցները շատ հետաքրքիր հոգեբանության տեր մարդիկ են, իսկական նվիրյալներ, որոնք փորձում են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակել և մատչելի դարձնել յուրաքանչյուրին»,- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում Թանգարանների միջազգային օրվա առթիվ կազմակերպված ցուցադրությունն այսպես բացեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Ա. Փիլիպոսյանի փոխանցմամբ, Պալյանները մեծ դեր են կատարել Կոնստանդնուպոլսի (այժմյան Ստամբուլի) դեմքը կերտելու գործում: Հայ ճարտարապետները նույն դերն են ունեցել նաև Բաքվի և Թիֆլիսի (Թբիլիսիի) ճարտարապետական դիմագիծը կերտելիս:

Բուհի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ բացված «Ստամբուլի դեմքը կերտողները. Պալյանների մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը վկայում է oսմանյան կայսրության արքունի ճարտարապետների՝ Պալյանների ընտանիքի թողած մեծ ժառանգության մասին:

Լուսապատկերային (սլայդ) ցուցադրության ընթացքում ներկայացվել է 89 լուսանկար և գծապատկեր:

Թուրքիայում հայ ճարտարապետների՝ մասնավորպես Պալյան տոհմի ներկայացուցիչների կերտած շքեղ ճարտարապետությունն այսօր էլ զարդարում է Ստամբուլը: Հայտնի գերդաստանի ճարտարապետների սերունդներին էր վստահված 1700-1900-ական թվականներին կառուցել Կոստանդնուպոլսի կարևորագույն՝ պալատական, ուսումնական, առողջապահական, պաշտամունքային, ռազմական նշանակության, նաև բնակելի բազմաթիվ շենքեր և շինություններ:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Սուսաննա Խաչատրյանի կարծիքով այս ցուցադրության նպատակն է նախ և առաջ ցույց տալ հայ ճարտարապետների հեղինակած բոլոր այն կառույցները, որոնք այսօր կան Ստամբուլում. «Կոստանդնուպոլսի ճարտարապետական դեմքը կերտած հայ հեղինակների մասին շատ են խոսում պատմաբանները, նշում են, որ Պալյանները մեծ ներդրում ունեն Պոլսի կառուցապատման գործում: Մենք նպատակ ունենք ավելի պատկերավոր ցույց տալ, թե ինչ կա այսօր: Մոտ 56 կառույց այսօր Ստամբուլում կանգուն է և օգտագործվում է տարբեր նպատակներով: Դրանք ներկայացվում են այդ երկրի օտարերկրյա հյուրերին, նպատսում զբոսաշրջության զարգացմանը: Պալյանները Պոլսում աշխատել են մոտ 100 տարի, սկսած 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի վերջը և ստեղծել են օսմանյան ճարտարապետության ոճը, որը համադրումն է մի կողմից՝ եվրոպական, մյուս կողմից արևելյան ճարտարապետության: Դրանցում կան նաև հայկական ճարտարապետության տարրեր: Այս ցուցադրության մեջ փորձել ենք ընդգրկել ոչ միայն հասարակական կառույցներն ու պալատները, այլև մեծ թվով մզկիթներ»:

Արտաքին հարդարանքում գոթական ոճն օգտագործելուն զուգընթաց Պալյանները պահպանեցին ներքին հարդարման արևելյան ճոխությունը և ստեղծեցին ճարտարապետական իրենց ուրույն ոճը, որը մեծ ազդեցություն թողեց օսմանյան հետագա մշակույթի վրա: Ճարտարապետների հաջորդական չորս սերունդ տված այս ընտանիքի անդամներն իրենց ստեղծած եզակի կառույցներով ոչ միայն անջնջելի հետք են թողել օսմանյան վերջին շրջանի արքունի և հանրային ճարտարապետական շինությունների վրա, այլև որակական նոր և ավելի բարձր աստիճանի են հասցրել ճարտարապետությունն ու շինարարական արվեստն ընդհանրապես:
Թեև ժամանակակից Թուրքիայի բարձրաստիճան այրերը չեն խոստովանում, որ հենց հայ ճարտարապետներն են կերտել Ստամբուլի դեմքը, հաճախ այդ մասին տեղեկատվությունը բացակայում է նաև զբոսավարների էքսկուրսիոն նյութերում, սակայն շատ թուրք մտավորականներ լավ գիտեն այդ ամենը և երբևէ չեն էլ հերքում այդ փաստը: