ԱՌԻՆՋԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ (ԽԱՉՔԱՐԱԴԱՇՏ)

ԱՌԻՆՋԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ (ԽԱՉՔԱՐԱԴԱՇՏ)

Կոտայքի մարզ, գ. Առինջ, պետ. ցուցիչ՝ 6.10.4

Առինջ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում: Առինջ գյուղի վերաբերյալ արժեքավոր տեղեկություն է պահպանվել Կեչառիսի վանքի 1206 թվականի արձանագրությունում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն բնակավայրը հիշատակվել է դեռևս VII դարում: Պահպանված ճարտարապետական հուշարձանները և առկա վիմական արձանագրությունները վկայում են, որ XII-XVI դդ. եղել է կրթական և մշակութային կենտրոն:

Առինջի գերեզմանոցն ու խաչքարադաշտը գտնվում են գյուղի հարավային մասում՝ ոչ բարձր բլրալանջի հյուսիսակող հարթության վրա: Գերեզմանատան պատմական հատվածը միջնադարյան Հայաստանի յուրօրինակ հուշարձաններից է: XIII դարի եկեղեցու փլատակների շրջակայքում, պահպանվել է XII-XVII դդ. թվագրվող մոտ 180 խաչքար (քարգործ-վարպետներ` Գրիգոր, Սարկավագ գրիչ, Վարդ, Աստվածատուր և այլք): Խաչքարերի զգալի մասը 1950-1987 թթ. ընթացքում՝ վերականգնողական աշխատանքների շնորհիվ, մեզ են հասել գրեթե ամբողջական, իսկ որոշ խաչքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, որոնք հետազոտողներին հնարավորություն են ընձեռել թվագրելու դրանք (1266 թ. Խաչքարը մինչ օրս ցուցադրվում է Լուվրի թանգարանում):

XII դարից սկսած, երբ խաչքարագործությունը սկսում է լայն տարածում ստանալ, աստիճանաբար խաչքարը դառնում է նաև միջնադարյան գերեզմանոցի համապատկերի հիմնական տարրը (որպես վերգերեզմանային կոթող)` ձևավորելով խաչքարային ընդարձակ դաշտեր (Ջուղա, Նորատուս, Առինջ): Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումից հետո Առինջի խաչքարային դաշտն իր թվաքանակով այսօր երկրորդն է՝ Նորատուսից հետո:

Առինջի խաչքարերը, պահպանելով իրենց զուգահեռները այլ նմանատիպ հուշահամալիրների հետ, վերածվում են առանձին դպրոցի (Կոտայք-Արագածոտնի): Առինջի խաչքարերը վերաբերում են XII դ. վերջերին և XIII դ. սկզբներին: Դրանք հիմնականում դրված են ոչ բարձր պատվանդանների վրա, սալերը սլացիկ չեն, խորանները քառանկյուն են, քիվը տափակ է, որոշ օրինակներում այն չի առանձնանում նաև հարդարանքով և կազմում է եզրագոտու շարունակությունը: Առինջի այս վաղ խաչքարերին բնորոշ է նաև սեղմ¬ համամասնությունը (սալի բարձրու¬թյունը լայնությանը գերազանցում է մոտ մեկ ու կես անգամ): Հորինվածքը հասցված է պարզունակ մի հիմնաձևի` քառանկյուն խորան, որը պատված է նռնաքանդակներով (եզակի դեպքերում` խաղողի ողկույզներով), խաչատակի բրգաձև կոթունից ծագող ուղղաձիգ արմավազարդ, եռաբլթակ երկատում¬ներով պարզ կենտրոնական խաչ, նույնքան պարզունակ եզրագոտի՝ ավելի հաճախ վեց մասերի բաժանված և նույնքան խաչերով հարդարված: Ելնդավոր գծի հորինվածքաստեղծ ներուժն այստեղ հասցված է նվազագույնի, հորինվածքի առանձին բաղադրա¬մասերի միջև տեսանելի կապը բացակայում է: Սակայն այս հորինվածքներին հատուկ գրավչություն են հաղորդում քիվի վրա՝ խորհրդանշական թփի երկու կողմերում պատկերված և այդ թփից կտցող թռչունները և վառ կարմիր ներկը, որով ներկված է այս խաչքարերի մեծ մասը: Վարդյակը կամ աստիճանաձև հիմքը հիմնականում բացակայում են:

XV-XVII դդ. ինչպես ողջ երկրում, այնպես էլ Առինջում սկսեցին գերակշռել ամբողջովին քանդակազարդ մակերեսով խաչքարերը: Օգտագործվում է սալը բազմաթիվ խաչերով հարդարելու պարզ հիմնաձևը, ինչպես նաև խաչանշաններից ազատ տարածքը ոչ բարդ հյուսածո զարդերով ու վարդյակներով լրացնելը: Առինջի խաչքարերի վրա կան նաև բազմաթիվ յուրօրինակ պատկերներ (ինքնախոցոտվող թռչուններ, վեցաթև աստղերով խաչաթևեր, թռչնային հորինվածքներ քիվի վրա, վեցաթև աստղով հարդարված վարդյակ և այլն), որոնք իրենց բնույթով եզակի են կամ քիչ հանդիպող:

Առինջի գերեզմանոցում պահպանվել են նաև որոշ թվով տապանաքարեր, որոնց վրա կարելի է տեսնել աշխարհիկ պատկերներ (որսի տեսարան, խնջույքի սեղան, երկրագործական պատկերներ և այլն):

Օգտագործված գրականություն
1. Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները: IX-XIII դարերի խաչքարերը, պատ. խմբ.` Առաքելյան Բ.Ն., ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1984:
2. Գասպարյան Ռ., Միջնադարյան Առինջ գյուղը և նրա վիմական հուշարձանները, Հանդէս Ամսօրեայ, Վիեննա-Երևան, Մխիթարյան հրատարակչություն, 2005թ:
3. Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008:
4. Варданесова Т. В., Культура хачкаров Арагацотна и Котайка IX-XVII вв., диссертация, Ереван, 2010: