«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ, պահեստի ավագ լեյտենանտ Գոռ Գասպարյանը կամավորական հիմունքներով՝ համաձայն ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրամանի, զորակոչվել էր ԼՂՀ՝ հերթական մարտական հերթափոխի: Գ. Գասպարյանի գլխավորությամբ Արցախ էին մեկնել նաև 18 այլ կամավորներ:
Արցախյան պատերազմի բովով անցած, հաղթանակի գինն իմացող մեր հայրերն ու եղբայրները հայրենիքի համար օրհասական պահին կրկին կանգնեցին հայ զինվորի կողքին` թշնամուն հիշեցնելով մեր միասնականության, ուժի և անպարտելի ոգու մասին:
ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատարության կողմից ապրիլյան քառօրյա պատերազմում կազմակերպչական բարձր ունակությունների, մարտական առաջադրանքի պատշաճ կատարման, մարտական բարձր ոգու, պետական սահմանի պահպանության, պատվի, նվիրվածության և բարոյակամային բարձր հատկանիշներ ամրապնդելու համար՝ ավագ լեյտենանտ Գ. Գասպարյանը պարգևատրվել է պատվոգրով:
Երախտագիությամբ ընդունելով ԼՂՀ ՊԲ գնահատանքը, ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետը նշեց, որ հայրենիքի սահմանների անվտանգությանը պաշտպանությունը բոլորիս պատվի խնդիրն է:
«Մենք պարտավոր ենք կանգնել մեր տղաների կողքին: Թշնամին պետք է գիտակցի, որ ցանկացած ոտնձգություն պարտության է դատապարտված, ցանկացած ագրեսիա` ջախջախման»:
Գ. Գասպարյանից բացի քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ էր մեկնել ՊՈԱԿ-ի ևս չորս աշխատակից: