2014թ. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում ինքնակամ շինություններ են կառուցվել: Հուշարձանի տարածքում անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` պետական սեփականություն համարվող հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու և հուշարձանի պահպանական գոտու նախկին վիճակը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց է հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
09.02.2016թ. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բավարարել է ՊՈԱԿ-ի հայցը, պարտավորեցնել հայցով պատասխանողներ Ա.Թադևոսյանին և Ժ.Ալեքսանյանին՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների անմիջական հսկողությամբ, քանդելու «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրականացված կառույցները և վերականգնելու հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին տեսքը` առանց մետաղական կառուցվածքով տաղավարի, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ և անկանոն քարերից կառուցված ցանկապատի, ցանկապատի հարակից խճաքարով հարդարված հրապարակի, եկեղեցի տանող խճաքարով հարդարված արահետի, բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դռան, ջրագիծ անցկացնելու համար փորված խրամուղու և դրանում տեղադրված ջրագծի, բետոնյա ջրավազանի, աղբյուրի, էլեկտրասյան, կոյուղագիծ անցկացնելու նպատակով փորված խրամուղու, դրանում տեղադրված կոյուղագծի:
Դատարանի վճիռը ի կատար ածելու վերաբերյալ կատարողական թերթիկը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում:Ս.թ. մայիսի 31-ին ԴԱՀԿ-ի և ոստիկանության աշխատակիցները այցելել են հուշարձանի տարածք դատարանի վճիռն ի կատար ածելու, սակայն, վերջիններիս գործողություններին խոչընդոտել են հուշարձանի տարածքում հավաքված Բյուրական համայնքի բնակիչները:
Դատարանի վճռին առնչվող գործողությունները ներկայում ԴԱՀԿ ծառայության իրավասության շրջանակում են, սակայն, ՊՈԱԿ-ը հետամուտ է լինելու հարցի օրենքով սահմանված կարգով լուծմանը: