ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արարատի մարզը կազմավորվել է 1995թ. Նոյեմբերի 7-ին ընդունված <<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքով՝ իր մեջ ընդգրկելով Արտաշատի, Արարատի, Մասիսի նախկին շրջանները: Արարատի մարզը գտնում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան մասում` զբաղեցնելով 2096 քառ. կմ տարածք: Սահմանակից է հյուսիս-արևմուտքից՝ Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևան քաղաքին և Կոտայքի մարզին, արևմուտքից՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Նախիջևանին, հարավ-արևելքից Թուրքիային: Արարատի մարզը կազմված է 4 քաղաքային և 93 գյուղական համայնքներից, մարզկենտրոնը Արտաշատն է: Քաղաքային կյանքի ինքնատիպությամբ առանձնանում են նաև Վեդի, Մասիս ու Արարատ քաղաքները: Մարզը գտնվում է ծովի մակարդակից 800-2000 մ բարձրության վրա: Բաժանված է երկու մասի՝ հարթավայրային և լեռնային: Լեռնայինի մեծ մասը զբաղեցնում են Գեղամա, Ուրծի, Երանոսի լեռները, իսկ հարթավայրային մասում սփռված է Խոսրովի պետական արգելոցը: Մարզի գետերը պատկանում են Արաքս գետի ավազանին: Արարատ անվան ծագումը ուսումնասիրողներից ոմանք կապում են Ուրարտուի, ոմանք առասպելական Արայի, ոմանք էլ՝ ալարոդ ցեղի անվան հետ: Մարզի տարածքը հին և միջին դարերում համընկնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ուրծ, Արած, Ոստան գավառներին և համարվում էր Հայոց Արշակունի թագավորների սեփականությունը: Ոստան գավառում էին գտնվում հայոց հնագույն մայրաքաղաքներ՝ Արտաշատն ու Դվինը: Ուրծ գավառի մասին առաջինը հիշատակել է Եղիշեն և անդրադարձել Ուրծի Ներսեհ իշխանի գործունեությանը: Գտնվելով միջազգային առևտրական ճանապարհի հայաստանյան ամենաբանուկ խաչմերուկում, եղել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի նշանակալի կենտրոնը: Մինչև XIII-XIV դդ. Վեդի և Ազատ գետերի վերին հոսանքում Մամիկոնյանները պահպանել էին իրենց կալվածքները` նստավայր ունենալով Մանկուկ գյուղը, որտեղ և պահպանվել է ազդեցիկ նախարարական տան դամբարանը: XIII-XV դդ. տարածքը պատկանում էր Պռոշյան-Խաղբակյան, այնուհետև Օրբելյան իշխանական տներին: Այդ ժամանակահատվածում կառուցվել են պատմաճարտարապետական հայտնի հուշարձաններ՝ Հավուց Թառ, Աղջոց, Հովհաննու Ս. Կարապետ վանական համալիրները, եկեղեցիներ՝ կից դպրոցներով և գրչատներով: XV-XVIII դդ. մարզի տարածքը՝ ենթարկելով վարչական փոփոխությունների, Երևանի խանության Վեդիբասար մահալի մաս է կազմել, իսկ Արևելյան Հայստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ ընդգրկվել է Երևան նահանգի համանուն գավառի կազմում: 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Արդեբիլ գավառներից ներգաղթած հայերի զգալի մասը բնակություն է հաստատել Արարատի մարզի տարածքում:

Ինչպես նշեցինք, մարզի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Այդ շարքում ցանկանում ենք առանձնացնել Ք.ա. III-I հզմ. բնակատեղին` իր դամբարանադաշտերով, առաքելական եկեղեցու խորհրդանիշ համարվող Խոր Վիրապ վանական համալիրը, միջնադարյան «Տիկնունի» և Կաքավաբերդ ամրոցները, ինչպես նաև «Խոսրովի անտառ» – ի տարածքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ:

Օգտագործված գրականություն
1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, / 1 Ա-Դ հատոր/, 1986թ.
2. Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Մ. Մանուկյան, 2013
Արարատի մարզ, պատմական ակնարկ, Ս. Հակոբյան, 2010