Այնթապ գյուղը գտնվում է Երևան-Արտաշատ խճուղու վրա, Երևանից 2 կմ հյուսիս-արևելք: Գյուղը վերաշինվել է 1830-ական թվականներին, Խոյից գաղթած բնակիչների կողմից: Մինչ Այնթապ վերանվանվելը (1970թ.) բնակավայրը հայտնի է եղել Նորագեղ, Բեյբուդաբադ, Թազագյուղ տեղանուններով: Ակնհայտ է, որ բնակավայրը վերանվանվել է Այնթապ` ի հիշատակ Կիլիկիայի համանուն քաղաքի: Խորհրդային շրջանում բնակավայրն աչքի էր ընկնում իր քարքարոտ շրջակայքով և բնակիչների սակավությամբ: Գյուղը նոր շունչ ստացավ Սիրիայից, Իրանից, Հունաստանից ժամանած հայրենադարձների շնորհիվ: Վաղ շրջանում գյուղի տարածքում գործել է Ս. Գրիգոր եկեղեցին` իրեն կից վարժարանով: 1679թ. Երևանի երկրաշարժից հետո գյուղն ամբողջովին ամայացել է: Ինչպես նշեցինք, խորհրդային ժամանակաշրջանում բնակավայրը վերականգնեց իր երբեմնի նշանակությունը: 1973թ. կանգնեցվել է Երկրորդ Աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձան /պետ. ցուցիչ՝ 3.12./, ճարտարապետն է Գ. Ղամբարյանը, իսկ 1983թ. Երևան-Արտաշատ ճանապարհից աջ, Այնթապ համայնքի վերջնամասում կառուցվել է Այնթապի հերոսամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրը` որը նախագծել և կառուցել են հայր և որդի Ադամյանները՝ «Այնթապ» հայրենակցական միության հովանավորությամբ: Հուշահամալիրի կենտրոնում են տեղադրված` Ներսես քահանա Թավուքճյանի, Զորավար Ատուր Լևոնյանի, զինագործ Ավետիս Քալեմքեարյանի կիսանդրիները (քանդակագործ` Տ. Հակոբյան): Կիսանդրիները տեղադրվել են 2000թ. ամերիկահայ բարերար Բ. Մարգարյանի աջակցությամբ՝ Այնթապի 1920թ. ինքնապաշտպանության 80-ամյակի կապակցությամբ:
Օգտագործված գրականություն
1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, / 1 Ա-Դ հատոր/, 1986
2. Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Մ. Մանուկյան, 2013
3. Հայկական Սովետական Հանրագիտարան, /1-ին հատոր/, 1974
4. Ս. Հակոբյան, Արարատի մարզ, պատմական ակնարկ, 2010