ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայութան նախաձեռնությամբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Գառնի համայնքի թիվ երկու ավագ դպրոցում և Բալահովիտի թիվ N զորամասում: Մարզային ծառայությունը պատրաստել է անկախության հոբելյանին նվիրված լուսանկարների տարբեր շարժական ցուցավահանակներ՝ հինգը՝ «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» խորագրով, իսկ վեցը՝ «Պահպանենք դարերի ժառանգությունը» թեմայով:
Միջոցառումների ընթացքում Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը և գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը մանրամասն ներկայացրել են ցուցավահանակի լուսանկարները, անդրադարձել հուշարձանների պատմական նշանակությանն ու առանձնահատկությանը։ Կ․ Հակոբյանն իր խոսքում նշել է․ «Հայ ժողովուրդն իր կենսագրության տարբեր շրջափուլերում մշտապես կանգնած է եղել բնաջնջման վտանգի առաջ, բայց կարողացել է մաքառել և անկախ վտանգներից ստեղծել մշակութային արժեքներ, որոնք ոչ միայն սերունդներին, այլև համայն մարդկությանը վկայում են մեր վարպետների մտքի փայլուն թռիչքի ու կատարողական վարպետության մասին։ Մեզ հասած մշակութային այս հարուստ ժառանգությունը հայերի՝ որպես իր բնօրրանում ստեղծագործող ազգի, լավագույն վկայությունն է»։
Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին Կոտայքի մարզի համայնքներում տեղադրված հուշարձանների լուսանկարները։
Հնագետ Ա․ Սեդրակյանը մանրամասն ներկայացրել է մ․թ․ա․ VI հազարամյակից մինչև մեր օրերում ստեղծված հուշարձանները։ Առանձին խոսել է «Նոր Գեղի» հնավայրի մասին, անդրադարձել քարե կացարաններին, ժայռապատկերներին, վիշապաքարերին, սեպագիր արձանագրություններին, հասել Գառնու տաճարին, ապա՝ բազիլիկ և գմբեթավոր եկեղեցիների, խաչքարերի ստեղծմաը։ Միջոցառումների ընթացքում Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատողը ներկայացրել է նաև լուսանկարներում պատկերված հնագիտական պեղումները, որնոք իրականացվել են անկախության տարիներին։ Խոսելով դրանց կարևորության մասին, նշել է, որ հայ մասնագետները հաճախ աշխատել են արտասահմանցի հնագետների հետ։ Ա․ Սեդրակյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Քարաշամբի դամբարանադաշտից գտնված երկու սափորներին, այդ թվում՝ քանդակազարդ արծաթե գտածոյին։Հուշարձանների լուսանկարների ցուցատախտակներն այս օրերին ցուցադրվում են Աբովյան քաղաքի Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։