ՍԱՐԱԿԱՊ

ՍԱՐԱԿԱՊ

2016-10-04T16:35:59+00:00 03/10/2016|Լրահոս, Շիրակի Հուշարձաններ|

Շիրակի մարզի Սարակապ գյուղը նախկինում կոչվել է «Պօզտօղանե» կամ «Բոզդողան»: Այն գտնվում է ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա: Սարակապցիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Բասեն բնակավայրերից` 1915-20թթ.:

Ղևոնդ Ալիշանը իր «Շիրակ» պատմաաշխարհագրական բնույթի աշխատությունում անդրադարձել է Սարակապ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու դերին ու նշանակությանը, միաժամանակ՝ կարևորել ճարտարապետական լուծումների ինքնատիպությունը: Եկեղեցու հատակագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ այն կառուցվել է VII-X դարերում: Եկեղեցու հին շենքից պահպանվել են պատերի ստորին երկու շարքերը, որոնք կառուցված են եղել սև տուֆի սրբատաշ մեծ քարերով և կրաշաղախով: Չափազանց ուշագրավ է եկեղեցու հայտնաբերմանը վերաբերող պատմությունը: Այն երկար ժամանակ ծածկված է եղել հողի հաստ շերտով: Ասում են, որ գյուղացիներից մեկը երազ է տեսնում, ըստ որի բլրի տակ սրբավայր կա և այն պետք է մաքրել հողից: Գյուղացիների ջանքերը պսակվում են հաջողությամբ և բացվում են կրկնակի խաչթևերով` խաչաձև հատակագծով, մոտ 1.5մ բարձրությամբ եկեղեցու պատերը: Ըստ ավանդազրույցի` այս արտասովոր դեպքի մասին տեղեկացնում են Ռուսաստանի կայսր Ալեքսանդրին, նա էլ համապատասխան հրամանով գյուղացիներին ազատում է հարկերից:

Ականավոր գիտնական Նիկողայոս Մառն Անիում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ պատշաճ գնահատական է տվել Սարակապի եկեղեցուն: Նշել է, որ տեղական հուշարձանների ուսումնասիրության նպատակով՝ 10-րդ գիտարշավի ժամանակ, գիտնական Օկունևի հետ միասին, մեկօրյա ուղևորություն է կատարել Բոզդուղան գյուղ: Ծանոթանալով եկեղեցիների կառուցողական արվեստին` Նիկողայոս Մառը հակված է եղել կարծելու, որ այն իր ճարտարապետական լուծումներով բավականին մոտ է եղել Անիում պեղված Կիզիլ-Քիլիսեին և ավելացնելով՝ նշել է, որ Բոզդուղանի եկեղեցին հատակագծով խաչաձև է:

1885-1887թթ. վերանորոգումից հետո այն վերածվել է գործող եկեղեցու: Վերակառուցված պատերի շարվածքի մեջ օգտագործված են քանդակազարդ խաչքարերի բեկորներ, ինչպես նաև` արձանագրված քարաբեկորներ (XII-XIII դարեր), որոնք պատկանել են հին շենքին: Հովսեփ Եղիազարյանը ևս նկարագրել ու հաստատապես պնդել է, որ եկեղեցու հատակագիծը խաչաձև է` կրկնակի խաչթևերով: Հիմնական խաչթևերն արտաքուստ ուղղանկյուն են, ներսից կիսակլոր: Երկրորդական խաչթևերը արտաքուստ սուր եռանկյունաձև են, ներսից աչքի են ընկնում խոր խորշերով, իսկ արևմտյան կողմում եղածները համեմատաբար երկար են: Արևելյան խաչթևում գլխավոր աբսիդն է` երկու կողմի խորաններով, որոնք դուրս են գալիս եկեղեցու արևելյան պատից: Երկու կամարակապ վերնամասով մուտքերը բացվում են արևմտյան ու հարավային կողմերից: Եկեղեցու շրջակայքում պահպանվել է նաև գյուղամիջի փոքր գերեզմանատունը (X-XVI դարեր):

Սարակապ գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով: Սարակապից 2.5 կմ դեպի հյուսիս-արևելք` լեռնաշղթայի բարձունքներից մեկի վրա պահպանվել են ամրոցի որձաքար պարիսպների մնացորդներ, որոնց լայնությունը 3.5 մետր է (մ.թ.ա. II հազարամյակ): Իսկ գյուղի արևելյան լեռնաշարքի վրա պահպանվել են մեկ այլ ամրոցի բերդապարիսպների ստորին մասերը՝ շարված անմշակ ու մեծ որձաքարերով, առանց շաղախի, լայնությունը 1.5 մետրից ավելի է: Ամրոցի շրջակայքում կա նաև դամբարանադաշտ (մ.թ.ա. II-I հազարամյակ), իսկ գյուղից 5 կմ դեպի հարավ-արևելք պահպանվել են ևս 2 ամրոց, որոնց հյուսիսային մասում է գտնվում դամբարանադաշտը (մ.թ.ա. II-I հազարամյակ):

Սարակապ գյուղի սահմաններից դուրս եղել են մի քանի հին գյուղատեղիներ, որոնցից մեկը կոչվել է «Կըռխե»: Այն գտնվել է Սարակապից մոտ 5-6 կմ դեպի հարավ-արևելք, որտեղ պահպանվել է սրբատաշ քարերով կառուցված XI դարի կիսավեր փոքր եկեղեցի: Այն անվանվել է «Կարմիր վանք» կամ «Կըռխ քիլիսաե»: Եկեղեցու շրջակայքում պահպանվել է միջնադարյան գերեզմանոց: Մեծանուն հնագետ Նիկողայոս Մառը հիշատակում է «Կըռխ քիլիսաե»-ի մասին և ավելացնելով նշում, որ Անիում ընթացող հնագիտական պեղումների ժամանակ (1913թ. հուլիսի 12-ին) իրեն հաղորդել են, որ Ղըրղ-կիլիսեում (Хырх-килисэ), Անիից դեպի հյուսիս-արևմուտք, գտնվել է մի արձանիկ` համապատասխան մակագրությամբ:

Սարակապի հարավ-արևելյան եզրին է գտնվել XIX դ. 30-ական թթ. հուշաղբյուրը, իսկ հարավային կողմում` բլրի գագաթին, եղել է կապտավուն բազալտից մի խաչքար: Գյուղի հյուսիս-արևեյան եզրին և հարավային մասում են գտնվում Սբ. Կարապետ (XII-XIII դդ.) և Սբ.Հովհաննես (XVII-XVIII դդ.) մատուռները, որոնք վերակառուցվել են XX դարում:

Օգտագործված գրականություն.

1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ, 1881:
2. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան 1975:
3. Марр Н. Ани, Ленинград-Москва, 1934: