ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԿԱԹՈՂԻԿԵ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.53.1.2.2/

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԿԱԹՈՂԻԿԵ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 3.53.1.2.2/

Մայրաքաղաք Դվինի պատմաճարտարապետական կառույցների շարքում իր բացառիկ տեղն է զբաղեցնում կաթողիկոսական պալատից հարավ գտնվող Ս. Գրիգոր (Կաթողիկե) եկեղեցին: Այն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ կառույց է: Հուշարձանը մասնակի ավերված է: Պահպանվել են արևմտյան, հարավային և հյուսիսային պատերը: Խաչիկ վարդապետ Դադյանի գլխավորությամբ 1907թ. հուշարձանը մասնակիորեն պեղվել է, իսկ 1937-50 թթ. ընթացքում կազմակերպվել են կանոնավոր պեղումներ, որի արդյունքում Դվինի կենտրոնական թաղամասում հայտնաբերվել է Կաթողիկե մեծ եկեղեցին:

Այն կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում և IV դարի երկրորդ կեսին վերածվել եռանավ բազիլիկ եկեղեցու: Ժամանակագրական առումով համապատասխանում է Երերույքի, Տեկորի, Քասախի բազիլիկներին: Խոսելով եկեղեցու մասին V դարի մատենագիր Ղազար Փարպեցին գրում է. «Եվ ոչ բավեալ ընդունել զամենեսեան տանն աստուծոյ՝ լնուին արտաքոյ սրահք եկեղեցոյն եւ ամենայն տեղիք հրապարակացն շուրջանակի»:

485թ. Վահան Մամիկոնյանին պարսից արքունիքի կողմից մարզպան ճանաչելու կապակցությամբ Ս. Գրիգոր տաճարում տեղի է ունենում պատարագ: Մարդկանց մեծաթիվ բազմությունը ստիպված է լինում ծիսակատարությանը հետևել արտաքին սրահից և նրան հարող հրապարակից:

V դարի 70-ական թվականներին եկեղեցին երեք կողմերից համալրվել է արտաքին սյունասրահներով: Համաձայն VII դարի պատմիչ Սեբեոսի վկայության՝ 572թ. ապստամբության ժամանակ պարսիկները այրել ու ավերել են եկեղեցին:

Ս. Գրիգոր տաճարը հայոց իշխան Սմբատ Բագրատունու և Ամենայն Հայոց կաթողիկոս Աբրահամ Ռշտունու աթոռակալության ժամանակ (608-628թթ) վերակառուցվել է՝ կրելով կառուցվածքային փոփոխություններ` եռանավ բազիլիկ եկեղեցուց վերածվել է խաչաձև հատակագծով գմբեթավոր սրահի: Այդ մասին է վկայում նաև Սեբեոսը նշելով. «Ապա սկսան արկանել հիմն եկեղցւոյ, ժողովեաց (Սմբատ Բագրատունին) ճարտապետս քարի, եւ կացոյց ի վերայ նոցա հաւատարիմ գործակալս, եւ հրաման ետ փութանակի հասուցանել ի կատարումն»: Հեղինակը տեղեկացնում է նաև, որ բերդի կայազորի հրամանատարը խոչընդոտել է տաճարի վերակառուցման աշխատանքներին` արքային տեղեկացնելով, որ տաճարին հարող բերդի պարիսպների մոտ գտնվելը վտանգավոր է:

Տաճարն իր հատակագծով հիշեցնում է երկարաձիգ համաչափություն ունեցող դահլիճ: Բեմին մոտ գտնվող չորս հզոր մույթերն իրենց վրա են պահել գմբեթը: Ունենալով 22.54 մ լայնություն և 44.07 մ երկարություն Դվինի Ս. Գրիգոր կաթողիկե եկեղեցին իր մեծության շնորհիվ համարվել է ժամանակի ինքնատիպ հոգևոր կառույցներից մեկը: Ունեցել է ճոխ հարդարանք, հատակը ծածկված է եղել գույնզգույն քարի և ապակու մանր խորանարդիկներով զարդարված խճանակարով, որի մի հատվածը՝ Տիրամոր պատկերով, 1907թ. բացվել է հյուսիսային ավանդատան մեջ: Արձանագրություններից մեկում տեղեկություն է պահպանվել եկեղեցու կղմինդրածածկ լինելու մասին: 893թ. կործանարար երկրաշարժի հետևանքով տաճարը փլվել է և այլևս չի վերականգնվել:

Օգտագործված գրականություն
1. Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1982:
2. Քալանթարյան Ա., Դվին, Երևան, 1986:
3. Դվինի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1950: