ԱՄՐՈՑ ԴԱՇՏԱՁՈՐ

ԱՄՐՈՑ ԴԱՇՏԱՁՈՐ

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, պետ.ցուցիչ` 4.3.2:

Դաշտաձոր ամրոցը գտնվում է քաղաքից մոտ 8 կմ հարավ` համանուն գետի ձախ ափին: Ամրոցը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակով, զբաղեցրած տարածքը կազմել է շուրջ երկու հեկտար, որի մոտ կես հեկտարը բաժին է ընկել միջնաբերդին: Կառուցվել է թեք լանջի վրա և հարակից շրջանների նկատմամբ ձեռք է բերել գերիշխող դիրք: Այն անառիկ է հատկապես արևմուտքից, իսկ մյուս կողմերից շրջապատված է եղել մոտ չորս մետր լայնություն ունեցող պարիսպներով:

Ամրոցի գլխավոր մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան անկյունում: Այդտեղով անցնում է երկրորդ պարիսպը և ձգվելով բարձունքի հյուսիսային լանջով դեպի արևելք, շրջվում է հարավ և ավարտվում միջնաբերդի մուտքի մոտ: Միջնաբերդը բացի հիմնական պարսպից հարավային կողմում ունի կիսաշրջանաձև կրկնապարիսպ:

Միջնաբերդի հարավային պարսպի մուտքի աջ և ձախ կողմերում հայտնաբերվել են հավասար հեռավորությամբ դասավորված, տարբեր մեծության 14 քարաբուրգ: Դրանք աշտարակների հիմքերն են, որոնց դասավորությունը զգալիորեն ամրապնդել է ամրոցի պաշտպանության առավել խոցելի կողմերը:

Ամրոցում և նրան հարող շրջաններում պահպանվել են բնակավայրի հետքեր, ինչպես նաև մ.թ.ա. II-I հզմ դամբարանադաշտ / պետ. ցուցիչ` 4.3.2.1/:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.
1.Միքայելյան Գ., «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները», Երևան, 1968թ.,
2.Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: