Լոռու մարզի Հաղպատ գյուղը հայտնի է ինչպես իր հրաշակերտ վանական համալիրով, այնպես էլ գյուղի շրջակայքում պահպանված հին գյուղատեղիով, ամրոցով, մեծ ու փոքր քարայրներով, եկեղեցիներով ու մատուռներով, որոնք, անշուշտ, պատմական ու մշակութային անգնահատելի արժեք են ներկայացնում:Հիշատակվածներից առանձնացրել ենք Սուրբ Գևորգ (Զորավանք) եկեղեցին:
Սուրբ Գևորգ (Զորավանք) եկեղեցին գտնվում է Հաղպատ գյուղի հարավային կողմում, Ագեղցի կոչվող վայրում: Խորհրդային շրջանում գյուղի ընդարձակման և կառուցապատման արդյունքում եկեղեցին հայտնվել է բավականին խիտ կառուցապատված միջավայրում՝ տնամերձ հողամասերի արանքում: Մեզ է հասել կիսախոնարհված վիճակում:
Ըստ մուտքի ճակատակալ քարի (բարավորի) արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1279թ.: Ունեցել է փոքր աղոթասրահ, որին արևմտյան կողմից կցված է եղել գավիթ-սրահը` կառուցված եկեղեցու հետ միաժամանակ: Պատերն ունեն 1.2 մ հաստություն, շարված են անդեզիտե կոպտատաշ խոշոր քարերով, իսկ ներսից սվաղված են կրաշաղախով: Ծածկված է եղել փոքր պայտաձև թաղով, որի մեծ մասը փլված է: Պահպանվել են եկեղեցու պատերը, գավիթ-սրահը, եկեղեցու հարավային կողմում երկու գեղաքանդակ խաչքար և մի քանի տապանաքար:
Օգտագործված գրականություն
1. Շախկյան Գ., «Լոռի Պատմության քարակերտ էջերը», Երևան, 1986