«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության և Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցի համատեղ անցկացրած միջոցառումը նվիրված է եղել Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին։ Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների մասնակիցներ, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հերոսներ Օնիկ և Ռուբիկ Մանուկյանները, ՀՀ նախագահի կողմից Արիության մեդալի արժանացած Արման Գինոսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը, գիտաշխատող Աշխեն Բաղմանյանը, Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը, համայնքի բնակիչներ։
Տոնական միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել կրթօջախի տնօրենը, համայնքի ղեկավարն ու ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետը։ Աֆղանստանի և Արցախի պատերազմների մասնակից Անդրանիկ Սիմոնյանն իր ելույթում հպարտությամբ խոսել է Արցախյան պատերազմի հերոսների սխրանքի մասին, շնորհակալության հայտնել անկախության սերնդին։
«2016 թ․-ի ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունները ցույց տվեցին, որ մեզ փոխարինելու է գալիս մերօրյա հերոսների մի սերունդ, որի ազգային գիտակցությունը ոչնչով չի զիջում այն քաջորդիներին, ովքեր և′ Մեծ հայրենականի, և′ արցախյան պատերազմի տարիներին իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի»,- ասել է Ա. Սիմոնյանը։
Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում պատանիները թերթել են մեր պատմության հերոսական էջերը, ներկաներին ոգևորել հայրենասիրական ելույթներով։ Ցուցադրվել է Վահե Յանի «Արմատներ» խաղարկային լիամետրաժ ֆիլմից հատվածներ։
Միջոցառման ավարտին Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանն ապրիլյան քառօրյայի մասնակից և Արիության մեդալակիր Արման Գինոսյանին արժանացրել է համայնքի պատվոգրի և դրամական պարգևի։
Տոնական միջոցառումը եզրափակվել է համայնքում տեղադրված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողի մոտ։ Ներկաները ելույթներ են ունեցել, ապա` ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին: