Հաղպատի վանքը, հայկական ամենախոշոր վանական համալիրներից մեկը, գտնվում է Սանահինի վանքից դեպի արևելք՝ 6 կմ հեռավորության վրա, Հաղպատ գյուղի բարձունքում: Սարահարթը, որի վրա սփռված է Հաղպատը, եզերված է անտառապատ գագաթներով ու գետակներով հարուստ կիրճերով: Հաղպատի վանքի կառուցումն, իր ճարտարապետական հուշարձաններով, սկսվել և ավարտվել է X -XIII դարերում, գրեթե նույն ժամանակահատվածում (10 տարի ուշ), երբ Սանահինի վանական համալիրն է կառուցվել: Այս երկու համալիրները բախտակից են եղել պատմական բազմաթիվ դեպքերի ընթացքում: Միջնադարյան ճարտարապետության այս երկու գոհարները պետք է տեսնել միաժամանակ, որովհետև դրանք լրացնում են մեկը մյուսին և ոչ մի դեպքում չեն կրկնվում. Հաղպատի ու Սանհինի մենաստանները կարծես միմյանց չնմանվող «եղբայրներ» լինեն: Բայց սա ամենևին չի նշանակում, թե նրանք միմյանց զիջում են ճարտարապետական արժեքով կամ հոգևոր նշանակությամբ: Հաղպատի վեհ ու հպարտ լռությունն իրականում այնքան բան ունի պատմելու, միայն թե նրա խորհրդավոր պատմությունը բոլորին չէ որ լսելի է, այլ միայն նրանց, ովքեր կարողանում են մխրճվել այդ լռության մեջ և որսալ օդում թևածող ելևէջները:
Հաղպատի կառուցման վերաբերյալ մի հետաքրքիր ավանդապատում կա: Մի իշխան վանք կառուցելու համար վարպետ է կանչում: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու և մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հոր հետ և ենթավարպետի հետ, թողնելով շինարարությունը, հեռանում է: Մի ուրիշ իշխան հրավիրում է նրան իր համար վանք կառուցելու: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ կառույց է բարձրանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը` ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հա՛խ պատ» (այսինքն՝ իսկական ամուր պատ է): Այս ասելով վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում է նրան և հայր ու որդի հաշտվում են: Այդ օրվանից վանքի անունը մնում է ՀԱՂՊԱՏ: Հաղպատի վանքը մեծ դեր է ունեցել միջնադարյան Հայաստանի հոգևոր կյանքում և հայտնի է նաև որպես գրչության կենտրոն: Թշնամական տարբեր հարձակումներից պաշտպանվելու համար վանքը պարսպապատվել է, ստեղծվել են պաշտպանական հենակետեր, թաքստոցներ և այլ կառույցներ: Համալիրի պատերը վեր են խոյանում որպես հուսալի պաշտպանություն ոտնձգողներից: Հաղպատը մտահղացվել է իբրև մենաստան, սակայն ժամանակին ծառայել է նաև որպես պաշտպանական կառույց. նրա բարձր աշտարակներից լավ երևում է ամբողջ տեղանքը: Մոտ երկու տասնամյակ Հաղպատում է ապրել և ստեղծագործել հանճարեղ Սայաթ-Նովան: Հաղպատի վանական համալիրը ներառում է Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները և խաչքարեր: Որոշ կառույցներ, այդ թվում մի շարք մեծ ու փոքր եկեղեցիներ, դուրս են հիմնական հուշարձանախմբից, որոնց մեջ ևս կան հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել:
Մեկ տարի տևած գործընթացից հետո` Հաղպատի վանական համալիրը 1996 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որը 2000 թ.-ին ընդլայնվեց՝ ներառելով նաև Սանահինի վանքը:
After a year-long process Haghpat monastery was included in the UNESCO World Heritage list in 1996, which was expanded in 2000 including the ancient monastery.