ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ»

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ»

2017-03-21T16:21:58+00:00 20/03/2017|Լրահոս|

«Հիացմունքի և խորին հարգանքի է արժանի մի մարդ, որ եթե օտար լիներ, հայ չլիներ, չպիտի գտնեինք խոսքեր նրան փառաբանելու, սակայն նա համեստությամբ և առանց շառաչի անում է իր սրտի ուզածը, կատարում է իր պարտքը և երջանիկ է….»,- հայ գրականության մեծերից մեկը՝ Ավետիք Իսահակյանն այսպես է բնորոշել Թ. Թորամանյանի կատարած հսկայական աշխատանքը:

«Պահպանության ծառայությունը» հրատարակել է նաև Թորոս Թորամանյանի «Անիի մայր տաճարը» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրքի I պրակը, որը նվիրվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հիշատակին:

ՊՈԱԿ-ում պահվում են հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող մի շարք գիտնականների անձնական արխիվները, այդ թվում նաև Հայաստանում հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանինը, որը 1999 թվականին պետական սեփականություն է դարձել եկեղեցական և մշակութային գործիչ, երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ջանքերով:

Շուրջ 30 տարվա ընթացքում Թ. Թորամանյանի կատարած չափագրություններն ու վերակազմությունները ավելի շատ են եղել, քան հասել է մեզ: Թորամանյանի աշխատանքները երկու անգամ կորել են, մեզ հասածը դրանց չիչին մասն է:

Գրքում ներկայացված են Թորոս Թորամանյանի կատարած Անիի մայր տաճարի չափագրությունները, որոնց մեծ մասը տպագրվել է առաջին անգամ: Ներկայացվող նյութն արդիական է, քանի որ, անցած ավելի քան հարյուր տարիների ընթացքում, հուշարձանը կրել է զգալի փոփոխություններ և, ցավոք, այսօր էլ այն դեռևս անհասանելի է հայ մասնագետներին: Հուշարձանն ընթերցողին համակողմանի ներկայացնելու համար գրքում զետեղված են նաև Անի քաղաքի պատմության, Անին պեղող և ուսումնասիրող գիտական արշավախմբի, Մայր տաճարի և այն կառուցող Տրդատ ճարտարապետի մասին համառոտ ակնարկները, Թ. Թորամանյանի ինքնակենսագրականը: Այս պրակի միջոցով գիտական շրջանառության մեջ է դրվել հայոց մշակույթի այն հատվածը, որը մեկ դար առաջ տեսել և փաստել-չափագրել է Թ. Թորամանյանը:

Հրատարակվող փաստաթղթերը կարող են նպաստել արտերկրում՝ մասնավորապես Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների պահպանության հետ կապված հարցերը հանրության ուշադրության կենտրոնում պահելուն, այդ հուշարձանների հանդեպ համամարդկային ուշադրության ու հոգածության ձևավորմանը: Նյութերից շատերը ուսանողների համար կարող են ուղեցույց լինել:
Հրատարակության համար նյութերն ընտրելիս, գիրքը կազմողները, նախապատվությունը մշտապես տվել են Թորամանյանի բնագրերին, որոնք բավականին բարձրորակ են՝ համապատասխան մշակման շնորհիվ: