ՄԱՔՐՎԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2018-03-29T15:53:45+00:00 19/04/2017|Արարատ, Լրահոս|

Մասնագիտական օրվան նվիրված սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատի մարզի Արտաշատ, Արարատ քաղաքների և մոտ 14 համայնքների Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Մեծ եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական պայքարի նահատակների 25 հուշարձանների տարածքներում։ Մաքրվել է նաև Արարատ գյուղում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի տարածքը: Արարատ քաղաքում և Արարատ գյուղում անցկացված հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են մարզում տեղակայված N զորամասի 60 ժամկետային զինծառայողներ, հրամանատարական կազմի սպաներ, միջնակարգ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ինչպես նաև «Պատանի երկրապահներ» կազմակերպության ակտիվիստներ, Արարատի քաղաքապետարանի աշխատակիցներ: Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, մասնակիցների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով, ներկայացրել է օրվա խորհուրդը` հայրենի հուշարձանների պահպանության գործում կարևորելով յուրաքանչյուրի մասնակցությունը:

Մարզկենտրոն Արտաշատում Երկրորդ աշխարհամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայողների մասնակցությամբ։

Արարատի մարզի հուշարձանների սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև հիմնական և միջնակարգ դպրոցների 190 աշակերտներ: Մարզային ծառայության աշխատակիցները մի շարք հուշարձանների տարածքներում ևս ներկայացրել են օրվա խորհուրդը, խոսել մեր մշակութային ժառանգության պահպանության մասին։