ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

2018-03-29T15:57:40+00:00 20/04/2017|Կոտայք, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը, «բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համաձայնագրի շրջանակներում, սանիտարական մաքրման, բարեկարգման և իրազեկման միջոցառումներ է իրականացրել մարզի մի շարք համայնքների հուշարձանների տարածքներում, որոնց մասնակցել են տարբեր կրթօջախների սաներ, ուսուցիչներ, համայնքների բնակիչներ: Այդ աշխատանքներն իրականացվել են Պտղնավանքի, Արտավազավանքի, Արգելի, Զովքի, Կամարիսի, Հրազդանի Վանատուր թաղամասի ԵԱԶ-ի, Գառնիի Խումարաժամ հուշարձանների և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված կոթողների տարածքներում։

Միջոցառման ընթացքում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները մասնակիցներին ներկայացրել են Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհուրդը, խոսել մարզի զբոսաշրջության հետագա զարգացման և նոր երթուղիների բացման հեռանկարների մասին՝ շեշտելով, որ դրանց հասնելու համար անհրաժեշտ է ըստ արժանվույն պահպանել մշակութային արժեքներն ու անխաթար փոխանցել սերունդներին։

Մասնագիտական օրվան ընդառաջ` Բջնիի մշակույթի տանը բացվել է հուշարձանների լուսանկարների ցուցադրություն, որը կգործի մինչև ապրիլի 21-ը։