«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցներն ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել Հերհերի կամ Ջարդի ձորում կանգնեցված խաչքար-հուշարձանին: Մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը ներկաներին ներկայացրել է խաչքար-հուշարձանի կառուցման պատմությունը, խոսել տեղադրման վայրի և նրա նշանակության մասին` հավելելով. «Երբեք չի մոռացվի այն, ինչ կատարվել է, որովհետև այդ ոճրագործությունն ապացուցող փաստերն ակնհայտ են և շատ դաժան, դրանց մասին փաստում են ոչ միայն լուսանկարներն ու ականատեսների վկայություններն, այլև 1965թ.-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված իրերը՝ հագուստի վրայի ճարմանդներ ու անգամ գանգի մեջ մեխված փամփուշտ»:
Հուշարձանների և տեսարժան վայերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի և Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակներում ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունը, համագործակցելով ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ, ապրիլի 25-ին Սառնաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպել է «Հարատևող հիշողություն» խորագրով ցուցահանդես, որը նվիրված էր Ախթամարի Ս. Խաչ եկեղեցուն: «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ներառում է Ս. Խաչի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները: Ներկայացվել են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող և Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տրամադրած արխիվային լուսանկարներ, չափագրություններ։ Լուսանկարները պատմում են նաև տվյալ ժամանակաշրջանի մանրանկարչության արվեստի մասին, որից ներշնչվել է Վասպուրականի ճարտարապետական դպրոցը։ Ցուցադրության նպատակը Ախթամարի սբ. Խաչ եկեղեցին` որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս ներկայացնելն է։
Ցուցահանդեսի ընթացքում ճանաչողական-տեղեկատվական զեկույցով հանդես է եկել ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության գիտաշխատող Անուշիկ Բորակյանը: Նա խոսել է Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու գտնվելու վայրի, կառուցման պատմության, ճարտարապետական առանձնահատկության, կառուցող վարպետի, տաճարի արտաքին և ներքին պատերը զարդարող որմնանկարների, քանդակների և դրանց նշանակության մասին: