«ԱՐՏ ՖԵՍՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

«ԱՐՏ ՖԵՍՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

2018-03-29T15:58:34+00:00 15/06/2017|Շիրակ, Լրահոս|

Հուշարձանների պահպանությանը կոչված նվիրյալները նաև ստեղծագործում են: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը թղթից պատրաստված յուրատեսակ բազմաթիվ մինի երաժշտական գործիքների հեղինակ է: Գեղեցիկ, յուրօրինակ ու հետաքրքիր մանրակերտներ, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալ ինչից են պատրաստված: Սիրով ու համբերությամբ ստեղծված ու ափի մեջ տեղավորվող յուրաքանչյուր փոքրիկ գործիքի վրա նա աշխատել է մի քանի ամիս` ստանալով կատարյալ նմանություն բնօրինակին:

Դուդուկ, ակորդեոն, դաշնամուր, հարվածային գործիքներ, սինթեզատոր, կիթառ. այս շարքը համալրվել է Նազարեթյանի մանկության տարիների մեկ այլ հիշողությամբ` «Վեսնա» ձայնարկիչով (մագնիտոֆոն):

«Ցուրտ ու մութ տարիներին մեքենայի շարժիչից հոսանք էինք վերցնում ու միացնում ձայնարկիչին` երաժշտություն լսում: Թղթից պատրաստված այս գործիքը` մեր հին «Վեսնան», իմ մանկության ամենավառ հիշողությունն է», – անկեղծանում է նա:

Շուրջ ինն ամիս յուրաքանչյուր դետալի վրա նա աշխատել է մանրակրկիտ: Իսկականից վեց անգամ փոքր չափեր (4 սմ երկարություն, 3 սմ լայնություն և 1 սմ բարձրություն) ունեցող ձայնարկիչով կարելի է լսել Հարութ Փամբուկչյանի «Տարիները անցան» երգը:

«Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնին ներկայացված էր նաև Վալերիկ Նազարեթյանի «Մանկության տարիներ» աշխատանքը, որը չէր վրիպում ներկաների աչքից:

Փառատոնային եռուզեռը ինչ-որ չափով խլացնում էր Փամբուկչյանի կատարումը, սակայն, չի բացառվում, որ նրա մանկության տարիների մշուշոտ օրերի այս վկայությունն էլ արժանանա մրցանակի, ինչպես նախորդ տարվա «Մորս հուշերը» աշխատանքը:

: