ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԵՐՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԵՐՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

2017-06-26T16:38:57+00:00 22/06/2017|Լրահոս|

Զբոսաշրջության խթանում ու ենթակառուցվածքների զարգացում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր մասնաճյուղ արգելոց-թանգարաններում զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր քաղաքականություն է որդեգրել: «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոց- թանգարաններ այցելող օտարերկրացին Հայաստանից պետք է հեռանա ոչ միայն մշակութային ժառանգության մասին վառ տպավորություններով, այլև նաև իր հետ տանի հայկական մշակույթի մի մասնիկը: Իսկ ներկայանալու բավականին հետաքրքիր ու լայն ասպարեզ կա: Այդ առումով գործակցության ուղիներ են նախանշում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արցախի Հանրապետության «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որի տնօրենը հյուրընկալվել էր ՊՈԱԿ-ում:

Ներկայացնելով Արցախի կարպետագործության պատմությունն ու իրենց ընկերության արտադրանքը` «Ղարաբաղ Կարպետ»-ի տնօրեն Սևակ Խաչատրյանն ասել է, որ 2013 թ. զբաղվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ: Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի, Բերձորի գործարաններում արտադրում են հիմնականում հայկական, մասնավորապես տիպիկ արցախյան եզակի մշակութային արժեք ներկայացնող գորգեր: Դրանք տարբեր` մի քանի մետրից մինչև հուշանվերային չափերի հասնող գորգեր են և կարող են բավարարել անգամ ամենաքմահաճ հաճախորդին : Ս. Խաչատրյանի փոխանցմամբ արցախյան գորգերը լայն տարածում ունեն նաև արտասահմանում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, ողջունելով նախանշվող համագործակցության գաղափարը, նշել է, որ կարելի է արցախյան գորգերը այցելուներին ներկայացնել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

«Դեպի տաճար տանող ճանապարհին ցուցավահանակներով (ստենդներով) և ավտոկայանատեղիի հարևանությամբ գտնվող տարածքում ներկայանալի տաղավարում կարող են ցուցադրվել Արցախի գորգերը: Համոզված եմ, որ դրանք կհետաքրքրեն օտարերկրացի հյուրերին: Գրագետ ու գեղեցիկ ներկայանալը հաջողության գրավականն է: Համոզված եմ, որ այդ դեպքում հաջողություններ կունենանք», -իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

Նրա փոխանցմամբ հետագայում կարելի է ընդլայնել գործակցության ձևաչափն ու գորգերի ցուցադրության մեջ ներգրավվել նաև գորգագործներին, ովքեր տեղում կգործեն` հարկ եղած դեպքում կներկայացնեն աշխատանքի ընթացքն ու նաև զբոսաշրջիկին հնարավորութուն կընձեռեն այդ աշխատանքի մասնակիցը դառնալու :

ՊՈԱԿ-ի տնօրենն ու «Ղարաբաղ Կարպետ» ընկերության ղեկավարը խոսել են նաև վրանային տաղավար տեղադրելու հնարավորության մասին:

Արա Թարվերդյանի խոսքով ցանկալի կլիներ գորգերի վրա պատկերել նաև «Գառնին», «Զվարթնոցը», «Մեծամորը», «Ամբերդը» և մեր մշակութային ժառանգության այլ գոհարները: