«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը հուլիսի 15-ի երեկոյան մարդաշատ էր: Գիշերային լուսավորությամբ 7-րդ դարի ճարտարապետության գոհարով հիանալուց բացի, այցելուներին հնարավորություն էր ընձեռնվել նաև տաճարից փոքր ինչ հեռու տեղադրված մեծ էկրանին դիտել հայկական կինոարտադրության վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկը՝ «Կյանք ու կռիվը»:
Ֆիլմը դիտողների շարքերը համալրվում էին նաև ընթացքում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի յուրօրինակ նախաձեռնությունը հետաքրքրություն էր առաջացրել նաև օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ, ովքեր ևս միացան կինոդիտմանը:
Այցելուները խոստովանում էին, որ հետաքրքիր ու նաև խորհրդանշական է, որ նման միջոցառում է անցկացվում «Զվարթնոց»-ի տարածքում:
Ի դեպ, նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու՝ հնարավորություն ընձեռնելով մեր հայրենակիցներին մշակութային արժեքներին հաղորդակից լինելուց բացի, նաև դիտել հայկական ու արտասահմանյան ֆիլմարտադրության լավագույն ֆիլմերը:
Հաջորդ կինոդիտումը գալիք շաբաթ օրն է՝ հուլիսի 22-ին: