2017 թ. առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփ հաշվետվությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 34,93 տոկոսով աճել են ՊՈԱԿ-ի եկամուտները, տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 107 902.7 հազար ՀՀ դրամ: Մասնավորապես, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն այս տարվա վեց ամիսներին 152 870 այցելու է ունեցել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 99709-ի փոխարեն): Բնականաբար, աճել է նաև տոմսերի վաճառքից ստացված գումարը (2016 թ. առաջին կիսամյակի համեմամատ՝ 53,88 տոկոսով ավելի):
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով, այլ է պատկերը «Զվարթնոցի» դեպքում: Պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների թիվն աճել է ընդամենը 7,7 տոկոսով, հասույթը` նախորդ տարվա վեց ամիսների համեմատությամբ, 22,25 տոկոսով: 2017 թ. վեց ամիսներին «Զվարթնոցն» ընդամենը 19 166 այցելու է ունեցել (2016թ. նույն ժամանակահատվածի 17 796-ի փոխարեն): ՊՈԱԿ-ի տնօրենը խոսեց նաև արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգ տեղադրելու մասին, ասելով, որ դա առավելագույնս կբացառի մարդկային գործոնով պայմանավորված՝ պատահող բացասական երևույթները:
«Այցելուն կվճարի տերմինալով (հայերեն ու անգլերեն) և մուտք կգործի արգելոց- թանգարանի տարածք», – ասաց Թարվերդյանը:
Նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց նախաձեռնությունը կյանքի կոչել հնարավորինս արագ` չսպասելով միասնական տոմսային համակարգին անցնելուն: Նրա համոզմամբ, այդպիսով կբացառվեն նաև կոռուպցիոն հնարավոր ռիսկերը: Մշակույթի նախարարը խոսեց նաև ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, անդրադառնալով «Զվարթնոց»-ին, նա նշեց, որ պետք է հանգստի գոտի ունենալ, մշտապես կազմակերպել մշակութային միջոցառումներ։
ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Ամբերդ» արգելոցը ևս մշակույթի նախարարի ուշադրության կենտրոնում է: Այս դեպքում էլ առաջնայինը ենթակառուցվածքների ստեղծումն է.
«Պետք է արահետներ կառուցել, նստարաններ ու աղբամաններ տեղադրել, սանհանգույցը նորոգել և տոմսային համակարգ ներդնել: Ամբերդն օրական շուրջ 300 այցելու է ունենում»:
Նախարարությունը ՊՈԱԿ-ին լիազորեց վերահսկել իրականացվելիք շինարարության ընթացքն ու ծախսերը:
Նախարար Ամիրյանի խոսքով, պետք է ներդրումներ անել նաև «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ` բացառելով ստվերը:
«Դվին» քաղաքատեղի» հուշարձանի տարածքում այժմ պեղումներ են իրականացվում: ՀՀ մշակույթի նախարարի համոզմամբ, Դվինը ևս այցելուներին ներկայանալու մեծ ներուժ ունի, և կարելի է լուրջ եկամուտ ապահովել:
Շարունակելով պեղումների թեման, Արմեն Ամիրյանն ասաց, որ 3 D ձևաչափի սկաներներ ձեռք բերելու բանակցություններ են ընթանում, որոնք մեծապես կօգնեն հնագիտական աշխատանքների իրականացմանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նախարարին ներկայացրեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքները: Նրա խոսքով, այժմ ներդրողի հետ բանակցում են ջրաղացի հին շենքի վերանորոգման համար:
Ամիսներ առաջ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան էր այցելել Հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը ծանոթացել էր խնդիրներին ու հստակ հանձնարարականներ տվել: «Գառնին» ՀՀ մշակույթի հանախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ա. Ամիրյանի հարցադրումներին՝ տեղում աղբամաններ և նստարաններ տեղադրելու մասին, ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պատասխանեց, որ առաջիկա օրերին այդ խնդիրը կլուծվի: Նրա խոսքով, գործարկվել է արգելոց-թանգարանի ոռոգման համակարգը, լանդշաֆտի համար հրավիրվել է ոճավորող-ձևավորող:
«Գառնի»-ում նաև շինարարական աշխատանքներ են ընթանում. նորոգվում է ճեմուղին: Թարվերդյանը վստահեցրեց, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետից շուտ: