«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո նախանշված միջոցառումների մեկնարկն այս տարի ազդարարվել է Ստեփանավանի Է. Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոպարկից:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար , դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շեշտել են եվրոպական երկրների նախաձեռնությամբ անցկացվող ու գեցեցիկ ավանդույթ ձևավորած միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը:
«Եվրամիության համար սա պատեհ առիթ է ցույց տալու, թե որքան մեծ է Հայաստանի ներդրումն ընդհանուր եվրոպական ժառանգության մեջ։ Առանց հայկական մասնակցության եվրոպական մշակույթը շատ ավելի աղքատ կլիներ։ Եվրոպական բուհերի ճարտարապետական ֆակուլտետների ուսուցման պարտադիր ծրագրում է «Զվարթնոց» տաճարի ուսումնասիրությունը, կոնսերվատորիայում անպայման ուսումնասիրում են Կոմիտասի արվեստը և այլն: Շնորհակալ ենք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին մասնակցության համար», -բացման խոսքում ասել է Պ. Սվիտալսկին։ Նրա խոսքով Եվրամիությունը ցանկանում է ամրապնդել մշակութային կապերը Հայաստանի հետ` նախատեսելով մի շարք նոր ծրագրերի իրականացում:
«Համոզված եմ, որ ժառանգությունն ու բնությունը միասին ստեղծում են հենց այն միջավայրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաաժևորելու մեր հայրենիքի հանդեպ սերը։ Այս օրերին իրենց դռները կբացեն ՀՀ Ազգային ժողովը, կառավարությունը, Երևանի կոնյակի գործարանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և այլն: Այդ շենքերը մեր մշակութային ժառանգության կարևոր մասն են կազմում ու բաց կլինեն սովորական քաղաքացիների համար», – ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, ընդհանուր առմամբ, 100-ից ավելի միջոցառումներ են նախանշված Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում: Նախարար Ամիրյանի խոսքով նախատեսված է նաև ծառատունկի անցկացում պատմական հուշարձանների տարածքներում:
Միջոցառման մասնակիցները շրջել են 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից հիմնադրած Դենդրոպարկում, որտեղ աշխարհի տարբեր վայրերից բերված բույսերն ամուր արմատներ են գցել:
Հաջորդ կանգառը` «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային հուշարձանի տարածքում էր, որտեղ նրանց աղ ու հացով են դիմավորել: «Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթի և Վանաձորի «Սուրբ Տիրամայր» երգչախմբի հոգևոր երգերի կատարումներն ամբողջացրել են օրվա խորհուրդը:
Հյուրերը շրջել են հուշարձանի տարածքում` ծանոթացել «Լոռի Բերդի» պատմությանը: