ՄՈՒՂՆԻԻ Ս. ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ

ՄՈՒՂՆԻԻ Ս. ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ

2013-10-03T11:21:40+00:00 29/08/2012|Արագածոտնի Հուշարձաններ|

ՄՈՒՂՆԻԻ Ս. ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ
Արագածոտնի մարզ
գ. Մուղնի
պետ. ցուցիչ` 2.1.1.7

Մուղնիի Ս.Գևորգ վանքը գտնվում է Մուղնի գյուղի հարավային ծայրում: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:

Վանքի Ս.Գևորգ եկեղեցու ճարտարապետն է Սահակ Հիզանեցին (1666), որի մահից հետո նրան փոխարինել է իր աշակերտ Ուստա Մուրադը: Մուղնիի Ս. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է XIX դարում. 1830-ին նորոգել են տանիքը, 1839-ին` կայծակից վնասված գմբեթի վեղարը: 1870-ին այնտեղ դպրոց է հիմնվել: 1895-ին կառուցվել է հյուսիսարևելյան կողմի բնակելի սենյակների 2-րդ հարկը: Համալիրի հյուսիսարևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը`զուգակցված ջրամբարի հետ: Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000-ին վանքը նորոգվել և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ: 2000-ի հոկտեմբերի 8-ին վերաօծվել է Գարեգին Բ կաթողիկոսի ձեռքով:

Վանքի եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով է, կառուցված է սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով: Եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12 սյունանի ռոտոնդան: Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը: Խորանի և դահլիճի հյուսիսարևելյան անկյան վրա տարբեր տեսարաններ պատկերող XIX դարի որմնանկարներ են: Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը` սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են: Ուշագրավ է հարավային մուտքը իր բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով:

Մուղնիի Ս.Գևորգ եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է:

Հիմնական գրականությունը.

ՀՍՀ հանրագիտարան , հատոր 8, Եր., 1982: