«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետ կազմակերպման նկատառումով կազմակերպության ղեկավարությունը շարունակում է հանդիպումներ է ունենալ ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոց-թանգարանների և արգելոցների աշխատակիցների հետ: Հերթական հանդիպումը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր:
«Արմավիրի մարզը միակն է, որտեղ երկու արգելոց-թանգարան կա, չնայած հուշարձանների թիվը շատ չէ: Օպտիմալացման խնդիր ունենք բոլոր ստորաբաժանումներում: Ուզում եմ վստահեցնել, որ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս արդարացված կլինեն` պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ», – իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Առաջիկայում կընդլայնվեն մարզային ծառայությունների լիազորությունները: Այս առումով Արմավիրի մ/ծ-ը բացառություն չէ, մանավանդ, որ արգելոց-թանգարանի երկու աշխատակից կտեղափոխվի մարզային ծառայություն, սակայն, կմեծանա աշխատանքի պատասխանատվությունը: Արա Թարվերդյանի խոսքով նոր լիազորությունները թույլ կտան հուշարձանների պահապաններին իրականացնել «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների և դրանց տարածքում առկա այլ պատմամշակութային միավորների պահպանությունը:
Ա. Թարվերդյանը խոսել է նաև մի քանի աշխատակիցների պայմանագրերի հնարավոր լուծման մասին, ասելով, որ վերջիններիս հետ ՊՈԱԿ-ը կհամագործակցի զբոսաշրջության ակտիվության ժամանակ:
«Զվարթնոց» արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժինը առաջիկայում կվերակազամավորվի գիտական գծով բաժնի: Արգելոց-թանգարանի երկարամյա աշխատակից և, ինչպես նրան հաճախ են անվանում, «Զվարթնոց»-ի այցեքարտը համարվող Լարիսա Հարությունյանը կղեկավարի արդեն նոր բաժինը: