ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՆ

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Արսեն Մարտիրոսյանի  նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ  դպրոցում, Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լուսին Սարգսյանի հետ համատեղ, անցկացվել է «Հայկական ազգային ավանդական տոները» խորագրով բաց դաս, որին մասնակցել են 6-րդ դասարանի աշակերտները: Բաց դասին ներկա են եղել դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, ՊՄՊ Վայոց ձորի մարզային  ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության  գլխավոր մասնագետ Գրիգոր Բաբաջանյանը:

«Հայերը դարեր շարունակ ապրել են օտար պետությունների լծի տակ, բայց մեր ժողովուրդը այդ ծանր պայմաններում անգամ կարողացել է պահել, պահպանել, հետագա սերունդներին  ավանդել ազգային ինքնատիպ սովորույթները, ավանդույթները, ազգային և մշակութային արժեքները: Սփյուռքում հայապահպանման լավագույն ձևերից մեկը  հենց ազգային ավանդական տոների կազմակերպումն է, որը ևս լավ առիթ է օտար երկրում համախմբվելու, մայրենի լեզվով հաղորդակցվելու և երիտասարդներին մեր ազգային ավանդույթները փոխանցելու համար» ,-նշել է  Շ․ Ղարախանյանը։

Լ. Սարգսյանը խոսել է ազգային ավանդական և եկեղեցական տոների կապի, Հայկական տոնացույցի մասին: Աշակերտները թվարկել են իրենց ծանոթ ազգային տոները և նկարագրել, թե ինչպես են անցկացվել դրանք։ Ավելի մանրամասն ներկայացվել է «Տյառնընդառաջը», որը նշվում է փետրվարի 13-ին: Աշակերտներն անդրադարձել են տոնի նշանակությանը, դրա հետ կապված ավանդույթներին, մասնավորապես նորապսակների կրակի վրայով թռչելուն` այդ տարի իրենց նորաստեղծ ընտանիքում մանկան ճիչ լսելու ակնկալությամբ։ Պատանիները խոսել են նաև այն մասին, թե ինչպես են Տյառընդառաջը նշում Հայաստանի տարբեր անկյուններում։

Ապա միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել տարբեր բեմականացումների միջոցով ծանոթանալ մի քանի ավանդական տոների ևս։ Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանն իր խոսքում անդրադարձել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությանը և արժեքավորել արդեն ավանդույթ դարձած նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Նա շնորհակալություն է հայտնել նաև աշակերտներին ակտիվ մասնակցության համար:

Աշակերտներն իրենց  նախաձեռնությամբ միջոցառման հյուրերին աղանձ են հյուրասիրել։