Ս. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. «ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԻ ԵՎ ԳՏՉԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ»

Ս. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. «ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԻ ԵՎ ԳՏՉԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ»

2018-03-22T13:04:53+00:00 23/02/2018|Արցախ, Լրահոս|

Հայկական  մշակութային  ժառանգությունը  մեր ազգային  ինքնության  յուրօրինակ անձնագիրն  է,  պահպանությունը` յուրաքանչյուրի  պատասխանատվությունը: «Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի  hushardzan.am  կայքէջի  և  Armenian Monuments  ՖԲ էջի միջոցով  հանրահռչակում ենք  նաև  Արցախի  Հանրապետության պատմամշակութային ժառանգությունը,  անդրադառնում  դրա  պահպանությանը, իրականացվող պեղումներին, առկա  խնդիրներին:

Մեր զրուցակիցը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն է: Թեման` հայկական երկու պետությունների  մշակույթի նախարարների  միջև  վերջերս  կնքված ու գործակցության զարգացմանը միտված  հուշագիրն է:

 

– Պարոն Շահվերդյան  օրերս  Հայաստանի  Հանրապետության  և  Արցախի Հանրապետության  մշակույթի  նախարարները  պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Կխնդրեմ մի փոքր մանրամասնել, թե  ի՞նչ է նախատեսում հուշագիրը, ո՞ր  ոլորտներին  է  տրվելու  առաջնահերթությունը:  

– Պարոն Ամիրյանի այցը երկուստեք գնահատում ենք  արդյունավետ, քանի որ երկու օրվա ընթացքում հասցրել ենք քննարկել հարցերի բավականին լայն շրջանակ. հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների համագործակցությունից մինչև մշակութային քաղաքականության ուղղություններ: Ինչ վերաբերում է հուշագրի ստորագրմանը, ապա ինչպես գիտեք, մենք ելնում ենք այն իրողությունից, որ «Արցախի մշակույթ» կամ «մշակութային ժառանգություն» եզրույթը զուտ աշխարհագրական բնութագրություն է,  հուշագիրը հենց հայկական մշակութային ժառանգության կամ արժեքների պահպանությանն է վերաբերում:  Հիմնական ուղղությունները վերաբերում էին հուշարձանների պահպանության բնագավառում գերատեսչությունների համագործակցությանը՝ փորձի փոխանակման, մասնագիտական գրականության հրատարակման, ցուցահանդեսների կազմակերպման, հուշարձանների ամրակայման ու վերականգնման և այլ ասպարեզներում: Մոտ ժամանակներս նախատեսվում է նաև հուշագրից բխող համագործակցության ծրագրի մշակում և կնքում, որն արդեն ավելի կոնկրետ աշխատանքներ է ենթադրելու:

– Պարոն նախարար  մշակութային ժառանգության անխաթար պահպանությունը բոլորիս պարտականությունն է:  2018 թ. քանի՞  հուշարձանի վերականգնում է նախատեսված: 

Այս պահին թվերով դժվար է ասել, քանի որ բացի ծրագրերով նախատեսված աշխատանքներից, նաև փորձում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել համայնքներում տեղական նշանակություն ունեցող հուշարձանների վերականգնմանը՝ ըստ համապատասխան հայտերի: Պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել վերականգնման աշխատանքներ Ասկերանի բերդի և Գտչավանքի տարածքներում, իսկ մասնավոր ֆինանսական նվիրատվությամբ՝ Շուշիի Վերին Մզկիթի և Դադիվանքի տարածքներում:

– Նախորդ տարի  լուրջ աշխատանք  իրականացվեց  մի քանի հնավայրի տարածքում, ինչպիսի՞ն կլինի աշխատանքների ծավալն այս տարի:

– 2018 թվականին ևս պլանավորում ենք լայնածավալ ուսումնասիրման աշխատանքներ իրականացնել, հատկապես հուշարձանների պեղման բնագավառում: Շարունակվելու են պեղումները Տիգրանակերտի հնավայրում, Նոր Կարմիրավանում, Քարին տակ գյուղի Ալեքսանա Ղուզե քարանձավում: Բացի այդ` տարվա ընթացքում հնագիտական պեղումներ են իրականացվելու նաև տարբեր աշխատանքների արդյունքում հայտնաբերված և հրատապ պեղման կարիք ունեցող  հուշարձանների տարածքներում:

– Արդյոք  նախատեսվու՞մ է գործակցության  զարգացում  վերականգնման  ոլորտում, ասենք`  գտածոների  վերականգնում  նաև  Երևանում:

– Գտածոների վերականգնման ասպարեզում համագործակցության ձևաչափ արդեն իսկ ձևավորված է ՀՀ մշակույթի նախարարության հետ: Համագործակցությունը վերաբերում է թե՛ Երևանում գտածոների վերականգնմանը, թե՛ մեր մասնագետների վերապատրաստմանը: Առաջիկայում կշարունակենք ակտիվ համագործակցությունը նաև այդ ուղղությամբ:

– Կուզենայի  անդրադառնալ մեկ  այլ  կարևոր հարցի` հուշարձանների պահպանական  գոտիներին:  Ինչպիսի՞ն  է  այդ  առումով  խնդիրն  Արցախում  և  ի՞նչ  աշխատանքներ են իրականացվում  այդ  ուղղությամբ:

– Մինչ այժմ Արցախում կազմվել է ավելի քան 700 պահպանական գոտի պատմամշակութային հուշարձանների տարածքներում: Գործընթացը շարունակական բնույթ է կրում, սակայն, ցավոք, պետք է արձանագրենք, որ 2018 թվականին ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով գործընթացը ժամանակավորապես դադարեցրել ենք: Ներկա դրությամբ բանակցում ենք եվրոպական մի հիմնադրամի հետ՝ հենց այդ ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: