Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկայացվել է «Դադիվանք. Վերածնված հրաշալիք» եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) գիրքը, որը լույս է տեսել «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այն համահեղինակել են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, արվեստաբան Ավետ Ավետիսյանը, ինչպես նաև որմնանկարների վերականգնողներ Պաոլո Արա Զարյանն ու Քրիստին Լամուրեն։
Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱԺ պատգամավորներ, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
«Թող Աստված խաղաղության մեջ պահի Հայաստան աշխարհը՝ Արցախ երկրամասով ու նրա խնկաբույր եկեղեցիներով, որոնք իրենց արժանի տեղն են գրավում նաև համաշխարհային մշակույթի գանձարանում»,-իր ողջույնի խոսքում ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Այս գրքի շնորհանդեսով հիմնադրամի կողմից Արցախում մի շարք մշակութային ծրագրերի իրականացման սկիզբն է դրվում»,- նշել է նախարար Շահվերդյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև պ.գ.դ., պրոֆ. Վահրամ Բալայանը, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գայանե Գեորգյանը և այլք: Գայանե Գեորգյանն ընդգծել է, որ իրենց հիմնադրամը ստեղծվել է հանրությանը հիշեցնելու բնական աղետների, քաղաքական, պատերազմական և այլ հասարակական ցնցումների հանդեպ զգայուն համամարդկային մշակույթի՝ հուշարձանների պահպանության և ուսումնասիրության կարևորության մասին։
Հայ արվեստի պատմության մեջ որմնանկարչությունն առանձնահատուկ տեղ ու դեր է ունեցել, բայց դարեր շարունակ չի ուսումնասիրվել: «Վիկտորիա» հիմնադրամի որմնանկարներին նվիրված ծրագրի նպատակն այդ թեման ընդլայնված քննարկման ներկայացնելն է։ «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գիրքը ծրագրի առաջին քայլն է։ Գրքում ներկայացված է Դադիվանքի որմնանկարների հանգամանալից ուսումնասիրությունն ու մասնագիտական վերլուծությունը: Հոդվածների և ծրագրի հեղինակները հույս ունեն, որ այս գիրքը կնպաստի հանրահռչակելու միջնադարյան հայ արվեստի նշանավոր հուշարձաններից մեկը՝ շքեղ որմնանկարներով Դադիվանքը։
Գիրքը կազմողները լիահույս են, որ այն ուսումնասիրողներին և բոլոր հետաքրքրվողներին թույլ կտա մանրամասն զննել որմնանկարների պատկերագրությունը և ամբողջական մենագրության միջոցով ծանոթանալ հուշարձանի պատկերագրությանը և, անշուշտ, այն կարող է դառնալ նոր ուսումնասիրությունների հիմք: