Հնդկաստանի Հանրապետության Կալկաթա քաղաքում Թանգարանների միջազգային խորհրդի (ՒԿՕՄ) «Թանգարանների կառավարում» միջազգային կոմիտեի`«Ձեռնարկատիրական կառավարում» խորագրով տարեկան համաժողովին մասնակցել են թանգարանային ոլորտի մասնագետներ աշխարհի շուրջ 20 երկրներից: Դանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Հայաստանից, Վրաստանից, Հնդկաստանից, Քաթարից, Նեպալից, Բանգլադեշից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռումինիայից ժամանած շուրջ 80 աշխատակիցներ ներկայացրել են իրենց երկրներում թանգարանների և պատմամշակութային ժանագության կառավարումը և դրա առանձնահատկությունները: Եռօրյա համաժողովին մասնակցել է նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը: Սա ՊՈԱԿ-ի երիտասարդ աշխատակցի` միջազգային նմանօրինակ համաժողովների թվով երրորդ մասնակցությունն է (Գերմանիա, Չինաստան):
Համաժողովի մասնակիցներն անդրադարձել են թանգարանային ծառայությունների ընդլայնմանը, աշխարհի տնտեսական զարգացմանը, նորարարություններին համահունչ ընթանալու հարցերին, խոսել` թանգարանների կառավարման ավանդական մեթոդներից ձեռնարկատիրական կառավարմանն անցնելու տարբեր երկրների փորձի մասին:
Սերոբ Հունանյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեության օրինակով ներկայացրել է պատմամշակութային ժառանգության կառավարումը Հայաստանում (պահպանություն, ուսումնասիրություն, հանրահռչակում, օգտագործում): Նա անդրադարձել է մշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկրի զբոսաշրջային հնարավորություններին: Մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական հուշարձանների և արգելոց-թանգարանների նկատմամբ, բազմաբովանդակ հարցադրումներ հղել զեկուցողին, որի արդյունքում հետագա հնարավոր համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Կլոր սեղանի շրջանակում քննարկում է կազմակերպվել նաև թանգարանների զարգացման հեռանկարային ծրագրերի վերաբերյալ:
Հնդկաստանի գեղեցիկ ու հին մշակութային ժառանգությունը ներկայացնելու նպատակով` համաժողովի կազմակերպիչները մասնակիցների համար ճանաչողական էքսկուրսիա են կազմակերպել Հնդկաստանի ամենամեծ թանգարաններից մեկում` «Հնդկական թանգարան»-ում: