ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՏՈԼԻ ՅԱԿՈԲՍՈՆԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՏՈԼԻ ՅԱԿՈԲՍՈՆԸ

2018-03-22T13:13:57+00:00 21/03/2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարնների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն սկսում է հոդվածների նոր շարք՝ «ՊՈԱԿ-ի ֆոնդերի մտավոր հարստությունը»  թեմայով` կլուսաբանվեն ֆոնդերում պահվող նշանավոր մարդկանց անձնական արխիվների նյութերը։

 

Հայ մշակույթը  բարձր մակարդակի է հասել միջնադարում, որոշ չափով նույնիսկ գերազանցելով Արևմտյան Եվրոպայի մշակույթին: Այդ մշակույթի մասին մենք կարող ենք դատել մեզ հասած բազմաթիվ ճարտարապետական կոթողներով և հուշարձաններով, որտեղ արտահայտված է հայկական գեղարվեստական հանճարը` իր ինքնատիպ ավարտուն ոճով: Եվ հենց  ճարտարապետության մեջ է առավել ամբողջական և վառ  բացահայտված միջնադարյան Հայաստանի գեղարվեստական մշակույթը:

Ա․ Յակոբսոն

Անատոլի Լեոպոլդովիչ Յակոբսոնը ծնվել է 1906 թ. օգոստոսի 22-ին Սանկտ-Պետերբուրգի մարզի  Լուգա քաղաքում:

Հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության  ճանաչված գիտակ Անատոլի Յակոբսոնն առաջին անգամ Հայաստան է եկել  1929 թ.` Հովսեփ Օրբելու գլխավորած արշավախմբի կազմում, իսկ 1936 թ. նրա ղեկավարությամբ մասնակցել է Ամբերդի պեղումներին։ Կրկին Հայաստան է եկել 1946-47 թթ.: Հայկական հուշարձանների փաստագրման նպատակով` չափագրել, ուսումնասիրել է հայկական ճարտարապետական մի շարք հուշարձաններ ու համալիրներ։ Յակոբսոնը իրավամբ համարվում է ականավոր գիտնականներ Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու արևելագիտության, կովկասագիտության և հայագիտության նշանավոր դպրոցի հետևորդը։ Նրանց անմիջական ազդեցությամբ ու հովանավորությամբ Անատոլի Յակոբսոնն իր գիտական հետաքրքրությունների ոլորտում ներգրավեց Անդրկովկասն ու, մասնավորապես, Հայաստանը։

1950 թ. լույս է տեսել Ա․ Յակոբսոնի «Ակնարկ Հայաստանի 5-17-րդ դարերի ճարտարապետության» մենագրությունը, 1970 թվականին՝ «Հայաստանի և Վրաստանի միջնադարյան ճարտարապետության փոխհարաբերություններն ու փոխադարձ կապերը», 1975-ին՝ «Հայաստան և Սիրիա. ճարտարապետական համադրություններ» աշխատությունները։ Հեղինակել է նաև «Հայաստանի և Բյուզանդիայի վաղ միջնադարյան ճարտարապետության փոխհարաբերությունները» (1973 թ.), «Կովկասյան Աղվանքի և Հայաստանի ճարտարապետական կապերը» (1977 թ.), «Բուլղարական վաղմիջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման առթիվ» (1968 թ.), «Բալկանների, Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Միջին Ասիայի միջնադարյան ճարտարապետության որոշ օրինաչափ առանձնահատկությունները» (1972 թ.), «Միջնադարյան ճարտարապետության զարգացման մեջ օրինաչափության պրոբլեմը» (1982 թ.), «Վաղ միջնադարյան ճարտարապետության զարգացման պրոբլեմները» (1983 թ.) և այլ աշխատություններ։

Անատոլի Յակոբսոնի արխիվը՝ ձեռագիր ու տպագիր բազմաթիվ փաստաթղթեր, աշխատություններ, նամակներ, գծագրեր ու լուսանկարներ, շուրջ  16 400  միավոր, շուրջ 30 տարի է  պահվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։

 

 

Հենց այդ արխիվն էլ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցում Անատոլի Յակոբսոնի հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության, նրա  հայանպաստ գործունեության մասին։

 

 

Անդրադառնալով Երերույքի  տաճարին` Ա․ Յակոբսոնը համոզված էր, որ այն չունի իր նմանակը ոչ սիրիական, ոչ էլ փոքրասիական ճարտարապետության մեջ: Այն դրսից ներմուծված հորինվածքային ձևերի կույր վերարտադրություն չէ, այլ ճարտարապետական հորինվածքների հիմնական տարրերի ինքնուրույն մշակման արդյունք: Իր չափերով ավելի փոքր Տեկորի տաճարի՝ Երերույքի նմանակի, առկայությունն ավելի է համոզում, որ այս հուշարձանը հայ ճարտարապետների ինքնուրույն տեղծագործության արդյունք է:

 

Յակոբսոնը գրում է, որ 12-13-րդ դարերում Հայաստանի ճարտարապետությունը ծաղկում էր ապրում  և ստեղծվում էին  հորինվածքային նոր ու համարձակ լուծումներով, դեկորատիվ նոր միջոցներով դրվագված ճարտարապետական բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք մեր օրերում ևս թողնում են անջնջելի տպավորություն: Այդ ստեղծագործությունների շարքում հատուկ տեղ է գրավում Սաղմոսավանքը՝ համեմատաբար փոքր, բայց յուրօրինակ ճարտարապետական համալիրը:

 

12-13-րդ դարերում ձևավորված նոր ճարտարապետական ոճը ներառում է  պաշտամունքային հորինվածքների հսկայական բազմազանությունը։ Միջնադարյան հայկական ճարտարապետությամբ տպավորված` Յակոբսոնը նշել է նաև մի այլ կարևոր երևույթ, որը  հայ ճարտարապետները կիրառել են եկեղեցու դեկորատիվ հարդարանքի ժամանակ. հարդարանքի միջոցով ընդգծել են եկեղեցու ճակատային հատվածը: Դրա բնորոշ օրինակն է Գոշավանքը, որն այդ բարձրարվեստ հարդարանքի շնորհիվ համարվում է Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ կիրառական արվեստի գլուխգործոցը:

Ա․ Յակոբսոնի կարծիքով Պատմական Հայաստանի Արցախ նահանգի բազմաթիվ կոթողների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Գանձասարի վանքը: Վանական համալիրի տաճարն իր հարուստ  հարդարանքով, քանդակների առատությամբ և ինքնատիպությամբ  հայ արվեստի զարգացման  շղթայի  կարևորագույն և անքակտելի օղակներից է, իսկ Գանձասարի վանքի ողջ համակառույցը՝ 13-րդ դարի հայկական ճարտարապետության հանրագիտարանը։ Հայկական ճարտարապետության ուսումնասիրության գործում Յակոբսոնը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել հատկապես Գանձասարի նկատմամբ․ «Գանձասարի վանքի տաճարն ու գավիթը հայկական ճարտարապետության բոլոր լավագույն նվաճումները մարմնավորած ճարտարապետական երկու հոյակապ կերտվածքներ են։ Այս կոթողային կառույցները ստեղծելիս օգտագործվել է դարերով կուտակված տեխնիկական և գեղարվեստական, ճարտարապետական և դեկորատիվ միջոցների հսկայական զինանոցը, որին կատարելապես տիրապետել են Գանձասարի վանքի կերտողները։»,- «Գանձասար» աշխատության մեջ գրում է Ա․ Յակոբսոնը։

Ա. Յակոբսոնի անձնական արխիվում բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայկական խաչքարային արվեստի և նրա առանձնահատկությունների ուսումնասիրման նկատմամբ նրա մեծ հետաքրքրության մասին:

Յակոբսոնը հայկական խաչքարային արվեստը համարում էր միջնադարի գեղարվեստական արվեստի մի ինքնատիպ ու զարմանահրաշ դրսևորում։ Ըստ նրա` XI դարում խաչքարը դարձել է ճարտարապետական փոքրիկ հորինվածք։ Նա անդրադարձել է նաև խաչքարային արվեստում գեղանկարչության տարրերի դրսևորմանը։ XIII դարում ի հայտ է եկել եռաշետ մակերեսով խաչքարերի տեսակը, երբ  քանդակին տալով ավելի մեծ խորություն, այն հարստացվել է զարդանախշերով։ Ի վերջո` խաչքարի վարպետները այն վերածել են ճարտարապետական յուրօրինակ մանրաքանդակի։

Իր բեղմնավոր գիտահետազոտական գործունեությամբ և հայ ճարտարապետության պատմության հարցերին նվիրված ծանրակշիռ գիտական ժառանգությամբ` Անատոլի Յակոբսոնը առանձնահատուկ տեղ է գրավում օտարազգի հետազոտողների շարքում:

Անատոլի Յակոբսոնը մահացել է 1984 թ. Սանկտ Պետերբուրգում: