ԲԱՑՎԵԼ Է ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԲԱՑՎԵԼ Է ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Թանգարանների միջազգային օրվա առիթով  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է նկարիչ Ներսես Մելիքյանի ստեղծագործությունների «Գրաֆիկա» խորագրով ցուցադրություն։

Այն բացվել է «Զվարթնոց» քառյակի միջնադարյան հոգևոր երաժշտության կատարումներով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գեղանկարիչ Ղազար Միրզոյանը, բանաստեղծներ Արշակ Ազարյանը, Խաչիկ Մանուկյանը, բազմաթիվ հյուրեր։

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի աստվածաշնչյան և ազատ թեմայով գրաֆիկաներ: Ներկաների կարծիքով արվեստագետին հաջողվել է իր նրբաճաշակ ներկապնակի միջոցով ստեղծել գործեր, որոնք դիտողին ակամա վարակում են Ներսես Մելիքյանի արվեստին հատուկ մեղմ ու հանդարտ տրամադրությամբ։

Ներսես Մելիքյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, հանրապետության տարբեր թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։  Ն․ Մելիքյանը գրանցվել է Հայաստանի Հանրապետության «Դյուցազնագիր» գրքում` որպես ամենամեծ յուղաներկ-նատյուրմորտ նկարի հեղինակ: 196×176 սանտիմետր չափերով նատյուրմորտը նկարելիս նկարիչը միտք անգամ չի ունեցել, որ կտավը կհայտնվի դյուցազնագրքում:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացված Ներսես Մելիքյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ։

Միջոցառման ավարտին Թանգարանների միջազգային օրվա առթիվ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները պարգևատրվել են Էջմիածնի քաղաքապետարանի  պատվոգրերով: