«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Սյունիքի մարզային ծառայության ու «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցների հետ:
Օգոստոսի սկզբից ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարած հնագիտական արշավախումը պեղումներ է իրականացրել «Զորաց քարեր»-ում: Մինչ խորհրդակցությունը սկսելը ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավարի տեղակալ Կարեն Փահլևանյանի ու պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի ուղեկցությամբ Արա Թարվերդյանը շրջել է հուշարձանի տարածքում` ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Մարզային խորհրդակցության նպատակը նախ և առաջ տեղում խնդիրներին ծանոթանալն էր, ապա դրանց լուծման արդյունավետ ուղիները միասին քննարկելը: ՊՈԱԿ-ի տնօրենը նախ աշխատակազմին է ներկայացրել արգելոցի վարիչի նորանշանակ տեղակալ Արամ Եղյանին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում:
«Քեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրվում, չլինի սրանից հետո գան ու ասեն, որ տուրիստը բարձրացել է հուշարձանի վրա: Պետք է ծանոթանաս բոլոր ենթահուշարձաններին, պահպանության հետ կապված ամենաշատը քեզանից եմ պահանջելու: Հետևաբար եթե մի քար վնասվի դու պետք է պատասխան տաս», -դիմելով Ա. Եղյանին ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, հավելելով, որ պետք է պահապանների հետ մշտական աշխատանք իրականացնել:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց զբոսաշրջիկների հոսքը մեծ է, այցելուների թվաքանակով քիչ է զիջում Գառնին, հետևաբար` հուշարձանի պահպանության նկատմամբ պետք է ավելի մեծ ուշադրություն սահմանել:
Հաշվի առնելով նաև հասարակական հնչեղությունը պատմամշակութային ժառանգության ու մասնավորապես «Զորաց քարերի» պահպանության նկատմամբ, կազմակերպությունը աշխատանքի նոր մոտեցում է որդեգել` ընդլայնվել են մարզային ծառայությունների լիազորությունները:
Ա. Թարվերդյանը հանձնարարել է մարզային ծառայության պատասխանատուին, ում կցված է պահպանական գոտու տարածքն ընդգրկող հուշարձանը, հաճախ լինել «Զորաց քարեր»-ում և վերահսկողություն իրականացնել միայն հուշարձանի պահպանության մասով, քանի որ աշխատանքի այդ ձևաչափից կշահի միայն հուշարձանը:
«Եթե մենք չենք սկսում պահպանության ծառայությունը իրականացնել նորմալ, ապա մտքներիցդ հանեք, որ տոմսային տնտեսությունը կարդարացնի: Հասարակությունը չի ընդունի: Մենք պետք է արդյունք ցույց տանք, որ արդարացվի տոմսային տնտեսությունը: Հուշարձանը պետք է լինի անխոցելի պահպանված», – ասել է Թարվերդյանը հավելելով, որ դրանից հետո միայն կարելի է խոսել ենթակառուցվածքների զարգացման` ցուցանակների, ջրամատակարարման, տոմսային տնտեսության և այլնի մասին:
Մարզային ծառայության և արգելոց-թանգարանի աշխատակիցները իրավախախտումներին ու ընթացիկ խնդիրներին պետք է արձագանքեն անպահաղ, իրավախախտումների դեպքում` օպերատիվ ահազանգեն ՊՈԱԿ, նաև` իրավապահներին: Ա. Թարվերդյանի հաջորդ հանձնարարկանն էր:
Կազմակերպության ղեկավարն անդրադարձել է ՖԲ սոցիալական ցանցում վերջերս հայտնված լուսանկարների մասին, որտեղ ներկված էին հուշարձանի քարերից մի քանիսը: Նրա խոսքով իրավախախտումը արվել էր ամիսներ առաջ ու ներկը մաքրվել էր արգելոցի ու մ/ծ աշխատակիցներ կողմից, սակայն աշխատանքի թերացման համար պատասխանատուներին նկատողություն է հայտարարել:
Խոսելով հուշարձանի տարածքում ֆիլմի տեսանակարահում իրականացնելու մասին, նա ասել է, որ համապատասխան պայմանագիրը պետք է կնքվի ՊՈԱԿ-ում: Եթե պայմանագրում նշվածից բացի, այլ բան է նկարահանվում, ապա համարեք դա նույնն է` ինչ քարի վրա պատկերներ նկարեն:
ՊՈԱԿ-ի տնօրենն անդրադարձել է նաև զբոսաշրջային վայրում ենթակառուցվածքների զարգացմանն ու տոմսային տնտեսության անցնելուն: Նրա խոսքով առաջիկայում ամեն ինչ կարվի աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու համար: Մասնավորապես արգելոցի տարածքում կտեղադրվի շարժական /մետաղական կոնստրուկցիայով հավաքված/ տաղավար, որը կունենա աշխատասենյակ, սանհանգույց:
Խորհրդակցության ավարտին ՊՈԱԿ-ի ղեկավարությունը եղել է Սիսիան քաղաքի մասնավոր ձեռնարկություններից մեկի տարածքում` տեղում ծանոթացել տաղավարների մի քանի տարբերակների: