ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՉՔԱՐԵՐԸ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԵԿՈՐՆԵՐԸ

ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՉՔԱՐԵՐԸ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԸ, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԵԿՈՐՆԵՐԸ

2018-10-16T14:52:51+00:00 15/10/2018|Սյունիք, Լրահոս|

Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերով  թվագրվող  հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել  դեռևս խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Մի քանի տարի առաջ էլ  նորոգվել է գավթի ծածկասալերի հատվածը: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղաշարժվել են խաչքարեր, տապանաքարեր, բեկորներ: Դրանք տևական ժամանակ ուղղակի թափված են վանական համալիրի տարածքում: Մշակութային արժեքների պահպանությամբ մտահոգ մեր հայրենակիցներից մեկը վերջերս բարձրաձայնել էր խնդրի մասին: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանձնարարությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պատասխանատուները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի, Վայոց ձորի մարզային ծառայությունների, «Զորաց քարեր» արգելոցի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են իրականացրել հուշարձանի տարածքում: Նպատակը՝ առկա խաչքարերի, տապանաքարերի  բեկորների  դասակարգումն ու այնպիսի վիճակի բերելն էր, որ չկորցնեն իրենց  մշակութային արժեքը:

Մշակույթի նախարարության մասնագետների նախնական ուսումնասիրությունից  հետո, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները  դրանք տեղափոխել են վանական համալիրի  մոտ: Գետնին ընկած որոշ տապանաքարեր ու խաչքարեր էլ  ուղղվել  ու  կանգնեցվել  են տեղում:

«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ  յուրքանչյուրս  պատասխանատու է մշակութային ժառանգության նույնիսկ փոքրիկ բեկորի պահպանության համար:

«Որոտնավանքը զբոսաշրջության տեսանկյունից  բավականին գրավիչ  ու հետաքրքիր վայր է: Գետնին անկանոն թափված բեկորների դասակարգումը ու դրանց հետագա ճակատագրի լուծումը նոր կյանք կտա մշակութային ժառանգության այդ մասնիկներին», -ասել  է Ա. Թարվերդյանը:

Ի դեպ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  «Խաչքարերին նոր կյանք»  ծրագրի շրջանակում տևական ժամանակ է հանրապետության մարզերում  իրականացնում  է ընկած խաչքարերի ամրակայման ու կանգնեցման աշխատանքներ: Արդյունքում՝ 50-ից ավելի խաչքարեր, տապանաքարեր ուղղվել և ամրակայվել են:

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պետ, ճարտարապետ  Արմեն Աբորյանի խոսքով Որոտնավանք վանական համալիրի տարածքում առկա են բավական արժեքավոր թևավոր խաչքարերի բեկորներ, զարդանախշերով  բեկորներ: Կան բավական  շատ ու արժեքավոր տապանաքարեր, տեղաշարժված տապաններ, խաչքարեր, որոնք թվագրվում են զարգացած միջնադարով  /9-13-րդ դարեր/: Ուսումնասիրության ընթացքում առկա էին նաև քառակող կոթողի շինության արժեքավոր բեկորներ, որը կարելի է նախագծային հնարավորության դեպքում վերականգնել: Արմեն Աբորյանի փոխանցմամբ կան նաև հուշարձանի կամարապակի, թաղապակի, եկեղեցու քիվերի, կառույցների պատի շարի բեկորներ, բայց առանձնահատուկ են արձանագիրները, որոնք  նաև պատմական տվյալներ են ներկայացնում իրենցից:

Ա. Աբրոյանի համոզմամբ վանական համալիրը մշտապես վերականգնման կարիք ունի: Արդյոք  Որոտնավանքի տարածքում գտնվող հուշարձանի բեկորները, խաչքարերը  կօգտագործվեն հետագա վերականգման աշխատանքների ընթացքում Ա. Աբորյանի խոսքով`հարցին հնարավոր է անդրադառնալ միայն գիտական ուսումնասիրությունից հետո:

 

Հ.Գ.  Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը  բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, կառուցված են` տեղական բազալտի քարերով: Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են որպես իշխանական տոհմի  գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան: Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան  Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլք: