ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

ՀՆԱՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

2018-10-18T14:47:16+00:00 18/10/2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը,  ՌԴ ԳԱԱ Պետրոս Մեծի  անվան Մարդաբանության և ազգագրության թանգարանի հրավերով, օրերս մասնակցել է Սանկտ Պետերբուգում կայացած`   «Հնամարդաբանությունը, կենսահնագիտությունը, հնագենետիկան» խորագիրը  կրող համառուսական գիտագործնական խորհրդաժողովին:  Մասնակցել են`Ֆրանսիայի /Ստրասբուրգի և Թուլուզի համալսարանների /, Դանիայի  /Կոպենհագենի Գեոգենետիկայի կենտրոն/,  Մոնղոլիայի /Ուլանբատորի համալսարան /, ԱՄՆ /Վինսկոնսին Մեդիսոնի համալսարան, հնագիտական քիմիայի լաբորատորիա, Հարվարդի բժշկական դպրոց /, Միացյալ թագավորություն /Բելֆաստի Քուին համալսարան/ և Ռուսաստանի Դաշնության  /Մոսկվայի պետական համալսարանի մարդաբանության թանգարան, ՌԴ ԳԱԱ հնագիտության ինստիտուտ, Կազանի Դաշնային համալսարան և այլն/ մարդաբանության ոլորտի մասնագետներ։

Միջազգային զեկույցները հիմնականում վերաբերել են հնագենետիկայի  ոլորտին։  ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը  /ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս, ՊԳԹ, դոցենտ Ռուզան Մկրտչյանի  հետ համատեղ/ գիաժողովին հանդես է եկել «Հայաստանի բրոնզ-երակաթեդարյան և ուրարտական շրջանի բնակչության կենսահնագիտությունը» թեմայով զեկուցումով։  Հ․ Սիմոնյանն անդրադարձել է տվյալ ժամանակաշրջանի բնակչության որոշ հիվանդություններին՝ որպես համեմատական նյութ օգտագործելով Հյուսիսային Կովկասի հարավ-ռուսական տափաստանների, Իրանի, Իրաքի համաժամանակյա մարդաբանական հավաքածուները։

Հ․ Սիմոնյանի զեկույցին հաջորդել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում ներկաները կարծիք են հայտնել, որ հայ գործընկերների զեկույցը  հիմնված է եղել հայ հեղինակների սեփական ուսումնասիրությունների  ու  դիտարկումների  վրա։  ՌԴ ԳԱԱ Պետրոս Մեծի  անվան Մարդաբանության և ազգագրության թանգարանի մարդաբանության բաժնի վարիչ Վ․ Խարտանովիչը նշել է, որ հայկական կողմի  ներկայացրած զեկույցի գիտական արդյունքները  միջազգային ցանկացած նյութի համար կարող են հրաշալի համեմատական լինել ։

Սանկտ Պետերբուգ  կատարած  այցի  վերաբերյալ  Հասմիկ  Սիմոնյանի հաշվետվությունը լսել են ՊՈԱԿ-ի տնօրենությունը և աշխատակիցները։ Նա նաև տեղեկացրել է, որ գիտաժողովի մասնակիցների զեկույցները տպագրվել են «Հնամարդաբանությունը, կենսահնագիտությունը, հնագենետիկան» /PILES OF BONES/ զեկուցումների ժողովածուում։