ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2012-11-02T13:00:59+00:00 02/11/2012|Լրահոս|

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 31-ին «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում խորհրդակցություն է անցկացրել Մշակույթի նախարարի, պատմամշակութային ժառանգության բնագավառի պատասխանատուների մասնակցությամբ։ Ներկայացվել են Հայաստանում հնագիտության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ արտասահմանյան գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը։ Վերջին տարիների կարեւոր հնագիտական ծրագրերի շարքում առանձնացվել են Արենիի, «Վերին Նավերի», «Էրեբունի» հնավայրի պեղումները , «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի զարգացման հեռանկարները, որմնանկարների պահպանության եւ վերականգնման խնդիրները։ Խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ հնագիտական ուսումնասիրությունների, պեղումների արդյունքները նաեւ պատմագիտական ամուր եւ անառարկելի հենք են գիտական, քաղաքական շրջանակների համար։

Ոլորտի պատասխանատուները Հանրապետության ղեկավարին զեկուցել են հնագիտության ասպարեզում վերջին տարիներին արձանագրած ձեռքբերումների մասին։ Զեկուցումով հանդես է եկել նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը։

«Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշախարհային մշակույթի յուրահատուկ հուշարձան է։ Որպես Բրոնզի-Երկաթի պարաբերաշրջանների մետաղաձուլական եւ արտադրական հնագույն համալիր, այն եզակի է Կովկասի եւ ողջ Մերձավոր Արեւելքի համար։ Միակն է տարածարջանում, որ պեղված հնավայրի տարածքում՝ կենցաղային, պալատական, կրոնական, արտադրական եւ պաշտպանական համակարգերի հետ միասին ունի նաեւ թանգարանային շենք ու ցուցադրություն», -իր խոսքում ասել է պրն Փիլիպոսյանը։

Նշվել է, որ Մեծամորում 1965թ. մինչ օրս պարբերաբար պեղումներ են իրականացվում։ Մշակվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի զարգացման հեռանկարային հայցակարգը, որը նախատեսում է մի քանի հիմնական ուղղություններ. մասնավորապես դեպի հուշարձան ու թանգարան տանող ճանապարհի /5կմ/ հիմնանորոգում եւ ասֆալտապատում, արգելոց-թանգարանի մուտքի մոտ մետաղական նոր դարպասի եւ տեղեկատվական վահանակի տեղադրում, զբոսաշրջիկների համար հանգստյան գոտու ստեղծում, թանգարանի տարածքում հուշարձանների /բնակատեղի եւ դամբարանադաշտ/ մաքրման, պեղման, վերևանորոգման, ամրակայման եւ հետագա վերանորոգման համալիր աշխատանքների իրակականացում, տուրիստական երթուղիների վերականգնում մոտ ութ կմ ընդհանուր երկարությամբ, գեղարվեստական լուսավորության անցկացում։ Նա կարեւորել է նաեւ արգելոց-թանգարանի գիտահետազոտական եւ հանրահռչակման աշխատանքների իրականացումը, թանգարանային առարկաների եւ հավաքածուների հայտնաբերումը, հավաքումը, հաշվառումը, էլեկտրոնային տվյալների շտեմարանի ստեղծման աշխատանքների իրականացումը, հուշարձանի պահպանության, ուսումնասիրման, օգտագործման եւ հանրահռչակման խնդիրներին նվիրված համաժողովների, գիտագործնական սեմինարների եւ խորհրդակցությունների կազմակերպումը։

Հանրապետության ղեկավարը, վերջում հանձնարարականներ է տվել ոլորտի հարցերի կարգավորման ուղղությամբ։

Լուսանկարները ներբեռնվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից: