ՀՈՌՈՄՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՈՌՈՄՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

2019-02-13T13:21:39+00:00 05/02/2019|Շիրակ, Լրահոս|

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանը ազգագրական հետաքրքիր հավաքածու ունի: Շուրջ 8 տարվա ամենօրյա աշխատանքի արդյունքում Նարեկը կարողացել է ի մի բերել 1000-ից ավելի իր ու առարկա՝ սկուտեղներ, թեյնիկներ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, արծաթե գոտիներ, կճուճներ, թանկարժեք արդուզարդ, դաշույններ և այլն:

Նարեկը «թանգարան»-ի այցելուներին առայժմ ընդունում է սեփական հարկի տակ, սակայն չափորոշիչներին համապատասխան ազգագրության թանգարան բացելու մտադրություն կա:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության ու Նարեկ Դավթյանի միջև քննարկումները սկսվել են դեռևս 2018-ի նոյեմբերից:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնել աջակցել թանգարանի ստեղծմանը, հավաքածուն թանգարանային  ցուցադրության  պատշաճ  վիճակի  բերելու և այլ  հարցերում:

Վերահաստատելով նախնական պայմանավորվածությունը Արա Թարվերդյանը, ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը և Նարեկ Դավթյանը այսօր քննարկել են ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր:

Մասնավորապես խոսել են  ՊՈԱԿ-ի ղեկավարությանը համապարփակ ծրագիր ներկայացնելու, ցուցադրության կազմակերպմանը, ֆոնդերի պահպանությանը, թանգարանի հանրահռչակմանն առնչվող հարցերի մասին: Արա Թարվերդյանը առաջարկել  է  նաև հետագայում թանգարանը ներկայացնել նաև 3 D ձևաչափով:

Առաջիկայում դպրոցականների համար ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պատասխանատուները բաց դասեր կանցկացնեն «թանգարան»-ում: Նրանք կծանոթանան ցուցանմուշներին, կայցելեն՝ համայնքի հուշարձանների տարածքներ:

Հոռոմում է գտնվում 18-րդ դարով թվագրվող Սուրբ  Հռիփսիմեն: Խոնարհված  եկեղեցին առաջիկայում կվերականգնվի բարերարի շնորհիվ: Վերջինս խոստացել է նաև աջակցել  թանգարանի տարածքի ձեռքբերման հարցում, ինչը կնպաստի մշակութային արժեքների պահպանությանը՝ Հոռոմը իր պատմամշակութային արժեքներով զբոսաշրջիկներին ներկայացնելուն:

Մոտ ապագայում Հառիճավանք, Լմբատավանք, Պեմզաշեն վանական համալիրներ, նաև՝ «Հոռոմ» քաղաքատեղի հուշարձանների տարածքներ այցելող զբոսաշրջիկներին կգրավի նաև վերականգնվող  Սուրբ Հռիփսիմեն ու ստեղծվելիք ազգագրության թանգարանը: