«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այսօր տոն էր: «Արորդիների Ուխտ»-ի անդամները ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մարտի 21-ին նշում են Ամանորն ու Վահագնի ծնունդը: Ծիսական հետաքրքիր արարողությանը նախորդել էր արևածագի դիմավորումը տաճարում: Առավոտյան՝ հեթանոսները նաև գառ էին զոհաբերել Վահագն Աստծուն:

Վահագնի ծնունդով արորդիներն այսօր ազդարարել են արորդաց  օրացույցով 9602 Վ.Ծ. թվականի սկիզբը: Վահագնի փառաբանությամբ ու ծիսական արողակարգի ավարտից հետո, ներկաներին բաժանվել է արևխաչով օրհնված հաց ու գինի: Հեթանոսները, նաև՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը  ծիրանենիներ են տնկել  արգելոց-թանգարանի տարածքում:

Արորդիները եռագույնով են զարդարել տարիներ առաջ տնկված ծիրանենին: Հին Հայաստանում այն Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Ավանդույթի համաձայն, շապավենը ծառի ճյուղին են կապում երազանք պահելուց հետո և այն անպայման կատարվում է:

Միջոցառման տոնական տրամադրությունը ամբողջացրել են Գառնի համայնքի մշակույթի պալատի սաները, որոնց կատարումները ոգեւորել են տեղացի ու օտարերկրացի հյուրերին: