««Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության դեմ մեր բողոքի ձայնն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած ալբոմում ներառված են կազմակերպության ֆոնդերում պահվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական տեղեկություններ», – «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Նրա խոսքով խմբագրակազմի մեծ նվիրումի շնորհիվ հրատարակված ալբոմը թույլ է տալիս ծանոթանալ ամբողջ փաստագրական նյութերին, իսկ խտասկավառակը՝ տեսնել ողջ բարբարոսությունը:
Նշենք, որ ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը:
Ալբոմի համահեղինակներից Աշոտ Մովսեսյանը Արամ Վրույրի լուսանկարներին առնչվել է աշխատանքի ընթացքում: ՊՈԱԿ-ի լուսանկարիչը որոշել է՝ դրանք պետք է հանրահռչակել:
«Իմ երեխաները, թոռները պետք է ծանոթ լինեն մեր ժառանգության այս հատվածին, իմանան` թե ինչպես են դրանք ոչնչացվել», – ասել է Ա. Մովսեսյանը:
Ալբոմի համահեղինակ Արշակ Բանուչյանի խոսքով իսկզբանե Ա. Մովսեսյանի մտահղացումը եղել էր Անի-Ջուղա:
«Աշխարհին պետք է ցույց տալ, թե ինչ սպանդի է ենթարկվում հայկական ժառանգությունը Թուրքիայում, Ադրբեջանում: Ջուղայի մշակութային ցեղասպանությունից ընդամենը 25 խաչքար է փրկվել, դրանց մի մասը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», – իր խոսքում ասել է Արշակ Բանուչյանը:
Շնորհանդեսի ավարտին՝ ժողովածուի առաջին օրինակները ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը հանձնել է խմբագրական աշխատակազմին, ապա նաև՝ հյուրերին: