«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև կնքված համաձայնագիրը տևական ժամանակ է գործնական փուլ է թևակոխել: Փորձի փոխանակում, կադրերի վերապատրաստում, համատեղ ծրագրերի իրականացում: Հերթականը՝ լեհ գործընկերոջ այցն է:
Հնագետ Մատեուշ Իսկրան առաջին անգամ Հայաստան է եկել 2012 թ., երբ դեռ ուսանող էր: Տպավորվել է հայկական մշակույթով, Հայաստանի գեղեցկությամբ ու մշակութային ժառանգությամբ: Արդեն 2013-ին Ուրարտուի հնագիտական ժառանգությամբ հետաքրքրվող հնագետը Մեծամոր հնավայրի տարածքում իրականացվող հայ-լեհական արշավախմբի կազմում էր:
Անկեղծանում է՝ սկզբում Հայաստանի ու Մեծամորի մասին շատ բան չգիտեի, հետո սկսեցի ուսումնասիրել: Հիմա այստեղ ամեն ինչ շատ հարազատ է ինձ համար. հնագետ ընկերներս, միջավայրը, մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքը: Հայկական միջավայրին ինտեգրվելու ամենապարզ տարբերակը՝ հայերեն սովորելն է:
«Հասկանում եմ երբ ընկերներս խոսում են հայերեն, ինքս չեմ խոսում, բայց բառեր գիտեմ՝ բարև, ոնց ես, ցավդ տանեմ», -անկեղծանում է լեհ հնագետն ու շարունակում հայերենով՝ ես լավ եմ մատաղ: Մի կարևոր լրացում է անում՝ հասկանում է նաև հայերի «հոգին»:
«Մի քիչ դժվարությամբ, բայց կարող եմ նաև կարդալ», – ասում է Մատեուշը և որպես ապացույց մի քանի բառ ընթերցում օրվա մամուլից: Հայերեն սովորել է ինքնուրույն, «օգնական»-ը՝ Վերնիսաժից գնած բառարանն է:
Այս օրերին Հայաստանում է իր թեկնածուական թեզի նախապատրաստական աշխատանքների համար: Թեման՝ Արարատյան դաշտավայրի մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջի և մ.թ.ա. 1-ին հազարմյակի կեսի հուշարձանները, նյութական ու հոգևոր մշակույթն է:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում է աշխատում: Ուսումնասիրում է, չափագրում ու լուսանկարում ՊՈԱԿ-ի ֆոնդերում գտնվող հնագիտական նյութերը՝ սափոր, կճուճ, խեցեղեն: Նախատեսում է այցելել նաև ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող հուշարձանների տարածքներ:
«Սիրում եմ երկաթի դարաշրջանը և մերձավոր արևելյան հնագիտությունը: Հայ-լեհական արդեն 7 տարվա համագործակցությունը լավ արդյունքներ է տվել, համոզված եմ այդ գործակցությունը շարունակական է լինելու», -ասում է լեհ հնագետը:
Վերադառնալով Մեծամոր հնավայրի տարածքում իրականացվող պեղումներին Մ. Իսկրան նշում է, որ զարմացած ու հիացած է բարդ ու տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող հուշարձանով:
«Համոզված եմ, որ հետաքրքիր արդյունքներ կունենանք անընդհատ իրականացվող պեղումների արդյունքում», -ասում է նա: Այդ բացահայտումները առաջին հերթին շատ կարևոր է Անդրկովկասի հնագիտության համար: Մեծամորը 2-րդ հազ. 2-րդ կեսի ու 1-ին հազ.-ի ամենակարևոր հուշարձաններից է: Պեղումների ընթացքում բացահայտում ենք այն իրադարձությունները, զարգացումները, որոնք տեղի են ունեցել նշված ժամանակահատվածում այդ տարածաշրջանում», – ասում է արշավախմբի անդամը:
Նրա խոսքով, նախորդ տարի պեղումներ են իրականացվել քաղաքային թաղամասում: Շինությունների հետքեր են բացվել և հնագետները փորձում են հասկանալ՝ ինչ կառույցներ են, որ ժանամակաշրջանով են թվագրվում և ում են պատկանել: Պեղումները նպատակ ունեն հայտնաբերելու և ուսումնասիրելու պատմական տարբեր ժամանակների՝ վաղ միջնադար, անտիկ, ուրարատական, ուշ և վաղ բրոնզի դարաշրջաններում ստեղծված նյութական մշակույթի գտածոները:
Հայ-լեհական արշավախմբի անդամը անկեղծանում է՝ Հայաստանի մասին Լեհաստանի հնագիտության ոլորտի մասնագետները քիչ են տեղեկացված:
Հայկական միջավայրին ինտեգրված լեհ հնագետը խոսում է նաև իր երկրում ապրող հայ համայնքի, եկեղեցիների ու խաչքարերի մասին: Նրա փոխանցմամբ հայերը Լեհաստանում հաստատվել են շուրջ 700 տարի առաջ, նաև՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:
Մի քանի օրից Մատեուշ Իսկրան կմեկնի՝ թեկնածուական թեզի աշխատանքները ավարտելու համար: Իսկ արդեն ամռան վերջին կրկին կվերադառնա՝ Մեծամորի հնագիտական արշավախմբի կազմում աշխատելու ու հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության մեջ նոր, հետաքրքիր բացահայտումների մասնակից լինելու համար: