«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Արմավիրի մարզային գրադարանի նախաձեռնությամբ բացվել է «Հին ու նոր Երևան» խորագիրը կրող ցուցահանդեսը:
ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված 65 ցուցավահանակների վրա մայրաքաղաքի տարբեր ժամանակաշրջանի լուսանկարներ են, որոնք հնարավորություն են տալիս այցելուին հաղորդակցվելու 19-րդ դարավերջի Երևանի կենցաղի, շինությունների, անցուդարձի հետ: Երևանի մեկ դարյա դիմագիծը ներկայացնող ցուցավահանակների վրա Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Ռոսիա» կինոթատրոնի շենքներն են, նաև՝ երևանցուն հարազատ ու հայտնի Կուկուռուզնիկը:
Ներկայացված լուսանկարների թվում նաև մայրաքաղաքի հին փողոցներն էին, որոնց այդ ժամանակվա անվանումները արդեն քչերն են հիշում՝ Աստաֆյան, Բեզիմյաննայա / Աղայան/, Դոկտորսկայա /Թումանյան/, Տարխանովսկայա /Պուշկինի/, Ցարական /Սպանդարյան/ , Բեյբուտովսկայա / հետագայում ` Սվերդլով/, Նազասրովսկայա /Ամիրյան/, Գուբերնսկայա /Ալավերդյան, ներկայումս Հանրապետության/:
Ցուցահանդեսին մասնակցում էին Արմավիրի մարզային գրադարանի ընթերցողները, աշխատակիցները և « Համալսարանական կրթություն» հասարակական կազմակերպության անդամներն էին, ովքեր մտովի տեղափոխվել էին հին Երևան: