«ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ

2018-03-29T15:55:52+00:00 18/03/2013|Արմավիր, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը նախորդ ամսին գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության մարզպետներին, իսկ ՊՄՊ մարզային ծառայությունների պետերը` համայնքների ղեկավարներին, խնդրելով ապահովել տեղի ունեցող նիստերին մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությունը` հատկապես, անշարժ հուշարձանների եւ դրանց տարածքների պահպանությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ:

Ի կատարումն վերոնշյալ դիմումի` Արմավիրի մարզպետին գրությունն ուղարկվել էր փետրվարի 13-ին եւ մարզպետարանի այսօրվա նիստին մասնակցում էին ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Գոռ Գասպարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Սիմոնյանը: Վերջինս զեկուցեց, որ Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի / Ք.ա. 8-6 –րդ դդ. 10-13-րդ դդ., 19-րդ դ., պետ. ցուցիչ` 3.71.1./ Ջրաշեն համայնքի բնակիչների կատարած հուղարկավորությունների անօրինական դեպքեր են արձանագրվել: Կատարվածի մասին օրենքով սահմանված կարգով Արմավիրի ՊՄՊ մարզային ծառայությունն իրազեկել է մարզպետին, մարզի դատախազին եւ Ջրաշեն համայնքի ղեկավարին: Նրա խոսքով` ՊՄՊ մարզային ծառայությունը 2010 թ.-ից բանակցություններ է վարում հուղարկավորություններն այլ տարածքում կազմակերպելու համար, հուղարկավորությունների կազմակերպման համար էլ մի քանի տարի առաջ 2000 մետր հողատարածք է հատկացվել: Ա. Սիմոնյանի տեղեկացմամբ, անօրինական հուղարկավորություններ Արգիշտիխինիլիի տարածքում եղել են նաեւ անցյալ տարի: Նա հայտնեց, որ երեկ` մարտի 17-ին այցելելով հուշարձանի տարածք, նկատել է, որ նոր փոսեր են փորել:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Գոռ Գասպարյանի խոսքով, հուշարձանը մեր ժողովրդի անձնագիրն է, եւ մեր պատմամշակությաին ժառանգության պահպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:

Ջրաշենի գյուղապետ Խաչիկ Դավթյանը նիստում հայտարարեց, թե դա հուշարձանի տարածք չէ: Թեպետ Խ.Դավթյանը ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությանը խոստացավ պարզաբանում տալ, սակայն նիստից հետո, բառի բուն իմաստով փախուստի դիմեց:

Մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունն իր խոսքում շեշտեց նաեւ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը: Խնդրի հանգուցալուծման նպատակով մարզպետարանի համապատասխան ծառայությանը մարզպետը հանձնարարեց ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեից ճշտել ունի արդյոք հուշարձանը պահպանական գոտի, թե ոչ: