ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցության շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 15 կամավորներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում:

Կամավորները հյուրընկալվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության կամավորներ» ծրագրի շրջանակում: Հայաստանից, Ֆրանսիայից, Մեքսիկայից,  Իսպանիայից, Սերբիայից, Սլովենիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Թայվանից Հարավային Կորեայից և Դանիայից մեր երկիր այցելած կամավորների համար  երկշաբաթյա հագեցած ու հետաքրքիր ծրագիր էր կազմվել:

Երիտասարդները ծանոթացել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի գործունեությանը, մշտական ցուցադրությանը: Նրանք եղել են Մատենադարանում, «Գառնի» պատմաշակութային արգելոց-թանգարանում, Գեղարդավանքում,  Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում,  Հայոց  ցեղասպանության թանգարան ինստիտուտում, Հայաստանի Պատմության թանգարանում, հասցրել հիանալ՝ կապուտակ Սևանի գեղեցկությամբ:

Ծրագրի շրջանակում, արգելոց-թանգարանի տարածքում, ճամբարականները նաև սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ միասին մաքրել են  նաև պղնձաձուլարանի խոտածածկ տարածքը:

Օտարերկրացի հյուրերը այս ընթացքում նաև մինյանց նիստ ու կացին են ծանոթացել, ազգային խոհանոցներին, երգ ու պարին: Նրանք հայ կամավորների շնորհիվ հայերեն բառեր էին սովորել:

Հայաստանից ստացած տպավորությունները կամավորները հանձնել են թղթին՝ նշելով, որ տպավորված են հայկական մշակույթով, մարդկանց հյուրասիրությամբ ու ջերմ վերաբերմունքից:

Մեկնումից առաջ ՀՈՒՋ ղեկավար Ստեփան Ստեփանյանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը կամավորներին պատվոգրեր են հանձնել: