ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՆԱԳԵՏԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌԱՐԿԱ ԻՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՆԱԳԵՏԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌԱՐԿԱ ԻՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ

2019-09-20T09:49:07+00:00 19/09/2019|Լրահոս|

Մասնագիտությամբ հնագետ և հնագիտության ասպիրանտ Աստղիկ Սիմոնյանն աշխատում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ զբաղվում հնագիտական առարկաների (արտեֆակտներ) վերականգնմամբ ու ամրակայմամբ։ Նա մասնագիտացել է խեցեղենի վերականգնման ուղղությամբ։

Անցած մեկուկես տարվա ընթացքում ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի աշխատակիցը  հասցրել է   վերականգնել  Սասունիկի, Օշականի, Քարաշամբի հնավայրերից հայնաբերված ու  կազմակերպության  ֆոնդերում պահվող իրեր ու առարկաներ։

Մասնագիտական կողմնորոշման սկզբում, ավագ քրոջ շնորհիվ Աստղիկը արդեն հասցրել էր ծանոթանալ  խեցեղենի և մետաղական զարդերի հետ, ինչն էլ օգնել է  կողմնորոշվել դեպի հնագիտությունը: Համալսարանում ուսումնառության տարիներին հնագիտական կողմնորոշումով առարկաներն Աստղիկը ուսումնասիրել է մեծ հետաքրքրությամբ։ Այժմ մեծ է նրա սերը մետաղական զարդերի ուսումնասիրման ու վերականգնման նկատմամբ։

Հարցին՝ վերականգնված առարկանեիրց որը կառանձնացնի, Աստղիկը դժվարացավ պատասխանել , բայց ասաց որ դրանից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի։ Նրա համոզմամբ յուրաքանչյուր առարկա իր հետաքրքիր պատմությունը ունի։

Վերականգնման գործընթացը շատ հետաքրքիր է՝ ասում է 24-ամյա հնագետն ու շարունակում․ <<շատ հաճախ  ոչ ամբողջական առարկաների վերականգնումից հետո կարող ենք տեսնել բարձր ճաշակով զարդանախշված գտածոներ, որոնք յուրօրինակ են նույնիսկ այդ ժամանակաշրջանի համար>>:

<<Պեղումների արդյունքում հայտնաբերված ոչ ամբողջական գտածոները, բեկորներն ամենևին էլ տգեղ չեն։ Պետք է կարողանաս գտնել մյուս բեկորներն  ու ամբողջացնես առարկան, որի ողջ շքեղությունը երևում է աշխատանքի ավարտին>>, -ասում  է Աստղիկ Սիմոնյանը։

Աշխատանքի առանձնահատկությունների և բարդությունների մասին Աստղիկը խոսում է մեղմ ժպիտով՝ վերականգնման ընթացքում երբևէ նույն  առարկան չես կարող երկրորդ անգամ <<կրկնել>>, դրանք տարբեր ձևի ու չափի են, հաճախ նույնիսկ ոչ համաչափ առարկաներ են լինում, տարբեր են նաև դրանց վրայի հետքերը:

<<Հնագիտական առարկաների վերականգնումը նվիրում, սեր, համբերատար ու առանձնահատուկ մոտեցում է պահանջում>>, -ասում է երիտասարդ հնագետն ավելացնելով, որ շատ պատասխանտու է աշխատանքը շուրջ 3500 տարվա վաղեմությամբ թվագրվող հնագիտական առարկաների հետ։

Վերականգնաման ընթացքում պետք է մաքրել, հեռացնել ժամանակի թողած <<հետքը>>՝ խուսափելով դրանց հնարավոր վնասումից։ Յուրաքանչյուր միլիմետր ուսումնասիրել  մանրադիտակով և միայն վերջում միացնել մեր դարավոր մշակույթի մասին պատմող հնագիտական նյութի բեկորները։ Մենք պարտավոր ենք դարերից մեզ հասած ժառանգությունը բարձր պատասխանատվությամբ վերականգնել ու փոխանցել հետագա սերունդներին։