«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում այս պահին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով, քառալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվում։
Դեպի ամրոց տանող ճանապարհին ևս տեղադրվել են ուղեցույց վահանակներ, որոնք կօգնեն այցելուներին ճիշտ կողմնորոշվել հուշարձանի տարածք հասնելու համար։
ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում և արգելոցներում ենթակառուցվածնքերի զարգացմանը միտված աշխատանքները լայն թափով իրականացվում են։ Այդ համատեքստում, արդեն հաջորդ տարի «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցը ևս կանցնի տոմսային տնտեսության։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով գալիք տարի նախանշվում է ասֆալտապատել դեպի ամրոց տանող ճանապարհը։
Հ․Գ․ Բջնի հնավայրը գտնվում է Հրազդանից 13 կմ հարավարևմուտք` համանուն գյուղի մերձակա հրվանդանների վրա, Հրազդան գետի երկու ափերին: Գյուղի արևելյան կողմում է գտնվում Բջնիի միջնադարյան ամրոցը, որը բաժանված է երկու հատվածի։ Բջնիում հնագիտական առաջին պեղումներն իրականացվել են 1928 թ.։ Մեկ տարի անց Բջնիում գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր: Նույն հրվանդանի վրա է գտնվում նաև ընդարձակ կիկլոպյան ամրոցը, որի տարածքում մշակութային հետքերը վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև անտիկ դարաշրջանը։
1977-1978 թթ. պեղումների արդյունքում բացվել են խաչաձև հատակագծով, կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը (IX-X դդ.), ջրամբարը, գաղտնուղին, երկու դահլիճներից բաղկացած թաղակապ պալատական շենքը` սեղանատնով հանդերձ, վաղմիջնադարյան եկեղեցու աշխարհիկ և պաշտամունքային շինությունների մանրամասեր, բազմաթիվ փոքր և դեռևս չպեղված ու մակերևույթին տեսանելի սենյակներ, բնակելի տներ: 2002-2007 թթ. պեղումների արդյունքում միջնադարյան ամրոցի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. I դ. բնորոշ սև լաքապատ խեցեղենի բեկորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ միջնադարյան ամրոցի տարածքը բնակեցված էր առնվազն անտիկ շրջանում: 2007-2008 թթ. վերականգնվել են ամրոցի պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, եկեղեցիների հիմքերը, ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը: