«Արջը չափից դուրս ազատ է» կամ ինչպես ստեղծվեց Քաջարանի բանալին

«Արջը չափից դուրս ազատ է» կամ ինչպես ստեղծվեց Քաջարանի բանալին

«Քաջարանի բանալին»¹ հուշարձան է Սյունիքի մարզում: Գտնվում է Կապան-Քաջարան մայրուղու վրա: Ստեղծվել է 1972 թ.-ին, հեղինակը և քանդակագործն է Մարատ Նուրիջանյանը: 

Ավանդազրույցի համաձայն՝ հայոց թագավոր Արտավազդը թշնամիներից պաշտպանելու համար իր գանձերը թաքցնում է մի լեռան մեջ, և վայրն այն կոչում է Գանձասար: Գանձերի բանալին հանձնվում է լեռների տիրակալ արջին, որ բանալին փոխանցելու էր միայն նրանց, ովքեր այդ գանձերը կօգտագործեին ի նպաստ ժողովրդի²: Գանձասարը լեռ է Զանգեզուրի լեռնահամակարգում, նրա լեռնաճյուղերից մեկի վրա, Քաջարան քաղաքի մոտ: Ընդերքը հարուստ է պղնձի և մոլիբդենի պաշարներով³

Պատմաբան Գրիշա Սմբատյանը «Սյունյաց երկիր» ամսագրում տպագրված իր հոդվածներից մեկում նշել է.  «Ողջակետի «Արջի» քանդակի տարբեր մեկնություններ կան: Մեր մեծատաղանդ հայրենակից Մարատ Նուրիջանյանը չի թաքցրել եղելությունը: Սկզբնապես քանդակը եղել է առանց բանալու: Ռաֆիկ Մինասյանը (կուսակցության Կապանի շրջկոմի առաջին քարտուղարը 1965 թ.-ից) ասել է արվեստագետին, որ «Արջը» չափից դուրս ազատ է, ոչինչ չի ասում, չի հուշում, և առաջարկել է կախել բանալին. «Դա կլինի մեր երկրամասի գանձերի բանալին: Բանալին «արջի» բերանից պիտի կախել, որպեսզի ոչ ոք, մեր ժողովրդից բացի, ոչ մի օտար չհամարձակվի խլել մեզնից մեր գանձերի բանալին»

Արջի բանալին, հավանաբար հրազենի կրակահերթով, երբեմն անհետացել է, ի վերջո սրտացավ մարդանց միջոցով վերստին գտել իր տեղը: 

Քաջարանի միջով հոսում է Ողջի գետը (82 կմ): Գետը արագահոս, տիպիկ լեռնային գետ է, ունի մեծ անկում: Ինտենսիվ էրոզիայի հետևանքով առաջացել է գեղատեսիլ «Արջի կիրճը»: 

¹ պետ. ցուցիչը՝ 8.1.3 

² «Սյունյաց երկիր», 2015, 23 հունվարի, № 2, էջ 8

³ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Երևան, 1986, էջ 787

«Սյունյաց երկիր», 2011, 4 մայիսի, № 8, էջ 10-11

«Սյունյաց երկիր», 2015, 23 հունվարի, № 2, էջ 8

«Սյունյաց երկիր», 2008, 27 օգոստոսի № 22-23, էջ 24

FB