ՍՈՒՐԲ ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ

ՍՈՒՐԲ ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Արագածոտնի  մարզ, պետ. ցուցիչ՝ 2.1.17.

Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Համաձայն եկեղեցու աղոթասրահում պահպանված արձանագրության՝ կառուցվել է 1281 թվականին Գրիգոր վարդապետի առաջնորդության օրոք: Եկեղեցին կառուցվել է դարչնագույն տուֆ քարից, պատկանում է ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հիմքով, գմբեթավոր-սրահ տիպի եկեղեցիների շարքին: Աղոթասրահի արևելյան` ավագ խորանի երկու կողմերում, տեղադրված են կրկնահարկ ավանդատներ, իսկ արևմտյան կողմի անկյունները հիշեցնում են ուղղանկյուն հիմքով սենյակներ: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի թմբուկը իրականացված է առագաստների միջոցով: Թմբուկը նեքուստ շրջանաձև է, արտաքուստ` տասանիստ, բոլոր տաս նիստերին բացված են եղել պատուհաններ: Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան ճակատներից:

Եկեղեցին  բազմիցս ենթարկվել է վերանորոգման. մասնավորապես 1317 թվականին Հակոբ երեցը նախաձեռնում է եկեղեցուն շրջապատող պարսպի վերանորոգումը: 1838-1839 թթ. եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է փայտաշեն ժողովրդանոց, իսկ այդ նույն ժամանակ Աշտարակցի Գևորգ Փարվանյանը հարավային կողմի տանիքի վրա տեղադրել է փոքրիկ զանգակատուն: Հիշյալ փայտաշեն ժողովրդանոցը երկար չի ծառայել և XX դարի սկզբին այն վերակառուցվել է քարից, սակայն անավարտ է մնացել և այդ տեսքով պահպանվել է մինչ օրս: Հուշարձանի հարդարանքից հատկապես ցանկանում ենք առանձնացնել ճակատային պատուհանները բոլորող ջլակապ խաչաձև հորինվածքները: Սակայն հուշարձանը արդեն իսկ վեհաշուք է իր համաչափ ծավալի վերձիգ սլացիկությամբ՝ բավականաչափ բարձրացող պատեր և անսովոր, բայց ծավալի մեջ ներդաշնակ բարձր թմբուկ և նիզակի պես երկինք մխրճվող սրածայր գմբեթ:

Թերևս սրանով է պայմանավորված եկեղեցու ավագ խորանի բարձր բեմի կառուցվածքը: Սբ. Մարինե եկեղեցու կառուցման մասին Աշտարակում պահպանվել է ավանդույթ, ըստ որի՝ Աշտարակում մի ժամանակ եղել է երիտասարդ ունևոր քահանա, որը վաղաժամ զրկվել էր իր երեցուհուց։ Նա կաթողիկոսից խնդրել է իրավունք՝ կրկին ամուսնանալու։ Կաթողիկոսը մերժել է նրա ապօրինի խնդրանքը և ցանկացել է այնպես անել, որ քահանան գիտակցի իր խնդրանքի անտեղի լինելը և հրաժարվի իր ցանկությունից։ Նա պատվիրել է նրան նախևառաջ մի եկեղեցի կառուցել, հետո նոր` ամուսնանալ։ Քահանան իրականացնում է նրա պատվերը և վիթխարի ջանքերի գնով կառուցում է Սբ. Մարինեն։ Տաճարը կառուցելուց հետո նա վերստին դիմել է նույն խնդրանքով, սակայն իր համար անսպասելի նոր պատվեր է ստացել. այս անգամ խնդիր է դրվել շրջապատել եկեղեցու բակը` ամուր և բարձր պարիսպներով, ինչպես նաև միաբանության համար կառուցել խցեր: Քահանան իրականացրել է նաև հիշյալ պատվերը` ծախսելով իր ողջ կարողությունը: Հասակ առած երեցը, երբ այդ ամենից հետո իրավունք է ստացել ամուսնանալու, հրաժարվել է իր ցանկությունից և ապաշխարել հանուն ցմահ բարեկրոնության՝ միաբան գրվելով իր եկեղեցուն և նրա եղբայրությանը։