Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` բլրի հարավային ստորոտին, որտեղ մինչ օրս պահպանվել են Ք.ա. 2-1 հազ. ամրոց-բնակատեղիի կառույցների մնացորդները, գտնվում է Ս․ Սարգիս վանական համալիրը:

Պատմական վկայություննրի համաձայն հուշարձանը թվագրվում է V-XVII դարերով: Հուշարձան-համալիրն իր մեջ ընդգրկում է ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է V դարում, իսկ գլխավոր կաթողիկե եկեղեցին՝ XIII-XIV դարերում: Վանական համալիրի մաս են կազմում գավիթը, զանգակատունը, հյուրատունը, տնտեսական ու բնակելի օժանդակ շինությունները:

Ս. Սարգիս եկեղեցի․ Վանական համալիրի միակ կանգուն կառույցն է և առաջինը այն եկեղեցիների  շարքում, որոնք կրել են Ս. Սարգիս անունը: Համաձայն հնագույն հիշատակությունների` եկեղեցին V դարում կառուցել է Մեսրոպ Մաշտոցը` հողին հանձնելով նաև իր հետ բերած Ս. Սարգիս զորավարի մասունքները:

Եկեղեցին ուղղանկյուն հիմքով, միանավ թաղածածկ, աղոթասրահի արևելյան կողմում կառուցված պայտաձև աբսիդով կառույց է: Տեղադրված է վանական համալիրի հյուսիսային մասում, միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցին վերանորոգվել է V, XII-XIII, XVII դարերում։

Ս. Աստվածածին եկեղեցի․ Վանական համալիրի գլխավոր, կաթողիկե եկեղեցին է, կառուցվել XIII դարում Վաչե Վաչուտյանի կողմից, Ս. Սարգիս եկեղեցու հարավային պատին կից: Ուղղանկյուն հիմքով է, ունեցել է գմբեթավոր սրահ:

Հուշարձանն աչքի է ընկել իր եղել ճոխ հարադարանքներով, բազմաթիվ արձանագրություններով: Այդ շքեղությունը վերաբերվել է նաև արևմտյան և հարավային շքամուտքերին: Ավագ խորանը, որի երկու կողմերում կառուցված են եղել կրկնահարկ ավանդատներ, առանձնացել է  որմնանկարներով: Պահպանվել են զանգակատան հիմնապատերը և շքամուտքի որոշ քարեր: Այն կառուցվել է 1311 թ. Ս. Աստվածածին եկեղեցու և գավթի արևմտյան պատին կից:

Հուշարձան-համալիրի հիշարժան այլ կառույցներ են նաև Ոսկան վարդապետ Երևանցու կողմից XVII-XVIII դարերում կառուցված տնտեսական, բնակելի ու օժանդակ շինությունները, հյուրատունը, որը կառուցվել է 1654-1662 թթ.։

Օգտագործված գրականություն
1. Բաբայան Ֆրինա, Ուշիի սուրբ Սարգիս վանքը, Եր. 2005:
2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր. 2002:
3. Conservation of ruined monuments, 16-24 x/2002 Yerevan-Byurakan.